«Ծուռթաթ արջ» կոնֆետ․ հայտնի կոնֆետի անհայտ լուսանկարի պատմությունը

Անտառում տապալված ծառի վրա խաղացող արջուկների նկարը ռուս նկարիչ, ռեալիստական բնանկարի վարպետ Իվան Շիշկինի թերևս ամենահայտնի գործն է։ 1889 թվականին նկարի մտահղացումը Շիշկինին հուշել է մեկ այլ նկարիչ` Կոնստանտին Սավիցկին։ Հենց նա էլ նկարել է մայր արջին ու նրա ձագուկներին, քանի որ անտառներ պատկերող վարպետ-նկարիչ Շիշկինին արջուկներն այդպես էլ չհաջողվեցին կտավին հանձնել։

Իվան Շիշկինը անթերի նկարում էր անտառային յուրաքանչյուր տեսարան, բոլոր մանրամասներով։ Նա իր աշակերտների կտավներում կարող էր գտնել անտառային լանդշաֆտի ամենափոքր թերությունը, սակայն մարդիկ ու կենդանիները նրա գործերում գրեթե տեղ չգտան։ Հենց այդ պատճառով էլ նրան օգնության եկավ Սավիցկին։ Ի սկզբանե նկարը կոչվում էր «Արջերի ընտանիքը» և արջուկներն էլ երկուսն էին։ Սավիցկին փոխեց նաև դա ու բնականաբար կտավին դրեց նաև իր ստորագրությունը։

Երբ նկարը տարան վաճառական Պավել Տրետյակովին հանձնելու, նա շատ բարկացավ, քանի որ ինքը պատվիրել ու վճարել էր միայն Շիշկինին ու հիմա ստանում է երկու ստորագրություն։ Շիշկինը որպես ազնիվ մարդ չհրաժարվեց Սավիցկու հեղինակային ներդրումից։ Սակայն, Տրետյակովը իր սկզբունքը չխախտելով, նավթով մաքրեց Սավիցկու անունը նկարից։ Վերջինս էլ արժանապատվորեն հրաժարվեց հեղինակային իրավունքից։ Իսկ արջերը շատ երկար ժամանակ վերագրվում էին Իվան Շիշկինին։

Խորհրդային տարիներին շատերի բնակարաններում կախված էին Շիշկինի այս «Առավոտը սոճու անտառում» կտավի վերատպությունները։ Մարդիկ այն անվանում են «Սոճու անտառ», «Ծուռթաթ արջեր» կամ «Երեք արջեր»։ Թեև նկարում պատկերված են չորսը։ Այս նկարի տարածման ու հանրայնացման գործում մեծ նշանակություն ունեցան կոնֆետները, որոնք հայտնվեցին հենց այս պատկերով, բայց «Ծուռթաթ արջ» անվամբ։

Կոնֆետների բաղադրատոմսը և փաթեթավորումը հայտնվեց նախահեղափոխական ժամանակաշրջանում, երբ գործարանը կոչվում էր «Էյնեմ»` իր հիմնադրի` գերմանացի Ֆերդինանդ Թեոդոր ֆոն Էյնեմի անունով: Նա մեծ ջանքեր ներդրեց այս արտադրանքի ստեղծման ու գովազդման գործում։ Ստեղծվեցին կոնֆետների մի քանի շարքեր, այդ թվում նաև «Ռուս նկարիչներն ու նրանց նկարները»։ Գործարանը պայմանավորվել էր կտավի սեփականատիրոջ` Պավել Տրետյակովի հետ` «Առավոտը սոճու անտառում» նկարի վերատպությունը կոնֆետի թղթի վրա տեղադրելու հարցում։

Խորհրդային տարիներին կոնֆետի թղթի դիզայնը չփոխվեց, ավելին` «Արջուկը» դարձավ ամենաթանկ քացրավենիքը։ 1920-ականներին այս կոնֆետի մեկ կիլոգրամն արժեր չորս ռուբլի։ Նույնիսկ հայտնի լոզունգ կար այդ ժամանակ. “Если хочешь кушать “Мишку”, заведи себе Сберкнижку!” (Եթե ուզում են ուտել «Միշկա», ձեռք բեր Խնայգրքույկ), որի հեղինակը Վլադիմիր Մայակովսկին էր։ Որոշ ժամանակ, նույնիսկ այս արտահայտությունը տպում էին կոնֆետի թղթի հակառակ կողմում։

Չնայած բարձր գնին շոկոլադե այս կոնֆետը մեծ պահանջարկ ուներ։ Նկարիչ Ալեքսանդր Ռոդչենկոն նույնիսկ այն 1925-ին պատկերեց Մոսկվայի «Մոսսելպրոմ» շենքի վրա:

Սրան հաջորդեցին «Առավոտը սոճու անտառում» կտավի վերատպությունները, որոնք վաճառվում էին յուրաքանչյուր գրախանութում։ Ի տարբերություն կտավների, սրանք էժան էին և հասանելի յուրաքանչյուր ընտանիքի համար։ Կոնֆետից ազդված, մարդիկ գնում և այս նկարով զարդարում էին իրենց բնակարանները։ Հետագայում արջուկները հայտնվեցին նաև գոբելենների վրա։

Կարճ ժամանակում «Առավոտը սոճու անտառում» նկարը դարձավ ոչ միայն Ռուսաստանի, այլ ողջ Խորհրդային միության սիրված ու ճանաչված նկարը։ Թեև գրեթե ոչ ոք չգիտեր նկարի իսկական անվանումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ