Ե՞րբ է այս տարի նշվելու սիրահարների տոնը և աղ բլիթի խորհուրդը

Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։

Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով սբ. Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ։

Սբ. Սարգիսը զբաղվել է նաև քրիստոնեության քարոզչությամբ և եկեղեցաշինությամբ։ Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք սկսվում են քրիստոնյաների հալածանքները, սբ. Սարգիսը հայտնություն է ստանում Աստծուց հեռանալ կայսրությունից։

Նա իր որդու հետ հաստատվում է Հայաստանում, ուր թագավորում էր Խոսրով թագավորի որդին՝ Տիրանը։ Վերջինս Սարգսին հրամայում է ծառայության անցնել պարսից Շապուհ արքայի մոտ՝ զերծ պահելու երկիրը Հուլիանոսի արշավանքներից։

Այսպիսով, Սարգիսը նշանակվում է զորագնդերի հրամանատար։ Ավանդազրույցի ամաձայն՝ նրա զինակիցները, տեսնելով Սարգսի ձեռքով Աստծո կողմից գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և ընդունում քրիստոնեությունը։ Սակայն պարսից շահը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհաբերություններ կատարել։

Երբ Սարգիսը հրաժարվում է ուրանալ իր հավատքը և ավերում է բագինը, ամբոխը հարձակվում է նրա որդու՝ Մարտիրոսի վրա և սպանում նրան։ Սարգսին բանտարկում են, ապա՝ գլխատում։ Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Սարգսի 14 զիվորները։

Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշել են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Այսպես, օրինակ, Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։

Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։

Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։

Ե՞րբ է այս տարի նշվելու Սուրբ Սարգսի՝ սիրահարների տոնը։ Այս տարի Սուրբ Սարգսի՝ սիրահարների տոնը, նշվելու է հունվարի 30-ին:

Տարբեր կարծիքներ կան նաև այն մասին, թե ով պետք է պատրաստի աղի բլիթը: Շատերն ասում են, որ բլիթը պատրաստողը պետք է այրի կին լինի, սակայն իրականում պետք է պատրաստի այնպիսի մի կին, որն ամուսնացած է ու երջանիկ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ