Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Mercedes-ն ու «Երազը»․ վերջինս կողաշրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր, հունվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Mercedes և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Երազը» կողաշրջվել է, վարորդն էլ տեղում մահացել է։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ՝ Ստեփան Սուքիասյանի և Նարեկ Ավետիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ի վարորդը վթարից հետո ահազանգել է Շտապօգնություն, փորձել է օգնություն ցուցաբերել «Երազի» վարորդին։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են «Երազի» վարորդի մահը, որից հետո Mercedes-ի վարորդը ահազանգել է Ոստիկանություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ