Ի՞նչ է հայտնի առողջության համար կակաոյի օգտակարության մասին

Ֆլավանոլները, որոնք պարունակվում են կակաոյի մեջ, լավացնում են առողջ մեծահասակների մոտ ուղեղի ֆունկցիաները, այդ թվում՝ արյան մատակարարումն ու կոգնիտիվ ունակությունները: Այս մասին հայտնում են Մեծ Բրիտանիայի Բիրմինհեմի համալսարանի եւ ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի համալսարանի գիտնականները:

Scientific Reports ամսագրում հրապարակված զեկույցում նրանք հայտնել են, որ կակաոն նպաստում է առողջության արագ վերականգնմանը անոթային հիվանդություններից հետո:

Տվյալ հետազոտությանը մասնակցել են 18 կամավորներ: Առաջին փորձարկման ժամանակ մարդիկ ստացել են ֆլավանոլներով հարուստ կակաո, երկրորդի ժամանակ՝ ֆլավանոլների ցածր մակարդակով կակաո: Ընդ որում, ո՛չ մասնակիցները, ո՛չ փորձարկողները չեն իմացել, թե ինչ տեսակի կակաո են ստացել փորձարկվողները յուրաքանչյուր դեպքում: Կակաոյի օգտագործումից հետո երկու ժամ անց մասնակիցները շնչել են 5 տոկոսանոց պարունակությամբ ածխաթթու գազ, ինչը գրեթե 100 անգամ գերազանցում է նորման:

Ինչպես հայտնի է, ածխաթթու գազի բարձր կոնցենտրացիան հանգեցնում է գլխուղեղի անոթներում արյան հոսքի մեծացմանը, ինչն օրգանիզմին թույլ է տալիս արդյունավետորեն ազատվել ածխաթթու գազից եւ մեծացնել թթվածնով հյուսվածքների մատակարարման մակարդակը: Կամավորները որոշել են նաեւ բարդ մտավոր խնդիրներ:

Պարզվել է, որ ֆլավանոլների օգտագործումը 3 անգամ ուժգնացրել է օքսիգենացիան եւ արագացրել այն մեկ րոպեով: Այդ դեպքում մասնակիցներն ավելի լավ են հաղթահարել բարդ կոնգնիտիվ թեստերը՝ դրանք լուծելով 11 տոկոսով ավելի արագ: Հետաքրքիր է, որ 4 կամավորների մոտ ակնհայտ տարբերություններ չեն նկատվել, սակայն օքսիգենացիայի մակարդակը բավական բարձր է եղել ելակետային մակարդակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ