Բերմուդյան կղզիների բնակիչ Տրինա Ուիլյամսը երեխաների հետ լողափին զբոսնելիս արտասովոր ուղերձով շիշ է գտել, հայտնում է РИА Новости գործակալությունը:
Տրինա Ուիլիամսն ասել է, որ ափ դուրս եկած շշի մեջ եղել է բացիկ Albatross VI նավի պատկերով, նամակ և ականջախցաններ: Պարզվել է, որ գրությունը թողել է ԱՄՆ Օվկիանոսի և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության նավապետ Օռլանդո Թոմփսոնը: Շիշը ջուրն է նետվել նավի վերջին ուղևորության ժամանակ՝ 2008 թվականին։
«Մենք վերջին անգամ ենք «Ալբատրոսում»: Գիտնականներն ու նավի անձնակազմը դարձել են մեկ ընտանիք», – ասվում է հաղորդագրության մեջ:
Տրինա Ուիլյամսին հաջողվել է կապվել Թոմփսոնի հետ: Տրինան նավապետին ասել է, որ պատրաստվում է ամուսնանալ, և ուզում է իր գտած շիշը հարսանիքին օգտագործել որպես դեկորի տարր: Նավապետը կնոջը խոստացել է ներկա լինել արարողությանը: