Ինչ բիզնեսներ ունեն ընդդիմադիր 16 կուսակցությունների ներկայացուցիչները

Հայաստանի 17 քաղաքական ուժեր պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ պահանջով նրանք բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում, փորձում շրջափակել կառավարության մուտքն ու ելքը, իսկ դեկտեմբերի 22-ից գիշերում են Հանրապետության հրապարակում։ Այս ուժերի մի մասը նախկինում եղել է իշխանություն կամ մաս կազմել դրան։ 17 ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի երկարամյա նախագահն էր։ «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է հարթակում կանգնած ուժերի որոշ ներկայացուցիչների առնչությունները տարբեր բիզնեսների հետ։

Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանը եղել է Հայաստանի առաջին վարչապետը, հետագայում նաև պաշտպանության նախարար և ընդդիմադիր «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության ղեկավարը։ 2009-2019 թվականներին նա Հանրային խորհրդի ղեկավարն էր։ Ու թեև Մանուկյանի բիզնես հետաքրքրությունների մասին շատ չի խոսվել, սակայն իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում որոշ տվյալներ կան Մանուկյանի՝ տարբեր ընկերություններում ունեցած բաժնեմասերի վերաբերյալ։

«Փաստերի ստուգման հարթակը» դեռ այս տարվա փետրվարին գրել էր, որ նախկին վարչապետը 20 տոկոս բաժնեմաս ունի «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ում, որը մտադիր է Լոռու մարզի Ձորագետ գետի վրա երկու փոքր հիդրոէլեկտրակայաններ շահագործել՝ «Լոռիբերդ 1» և «Լոռիբերդ 2»-ը։ Բաժնեմասերը Մանուկյանը ձեռք է բերել 2011-ին՝ Հանրային խորհրդի նախագահ լինելու տարիներին։

Վազգեն Մանուկյանը 2015-2016 թվականներին 30 տոկոս բաժնեմաս է ունեցել «Վանակվա գրուպ» ընկերությունում, իսկ 2015-2017 թթ. նույնքան բաժնեմաս՝ «Ջերմակունք գրուպում»։ Այս ընկերությունները զբաղվել են հանքային ջրի արտադրությամբ ու շշալցմամբ։ Հանքային ջրի շուկայում այդ գործունեությանը 2016-ին  անդրադարձել էր ոստիկանությունը՝ հայտնելով, որ «Վանակվա գրուպի», «Սուպեր գրուպի» և «Ջերմակունք գրուպի» տնօրեն Սուրեն Բալայանն առանց համապատասխան թույլտվության շահագործել էր Ջերմուկ քաղաքի հորատանցքերից մեկը, զբաղվել հանքային ջրի արտադրությամբ և շշալցմամբ՝ պետությանը պատճառելով 55 միլիոն դրամի վնաս։ Հարուցված քրեական գործը հասցեագրվել էր Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչություն, որն այն կարճել էր հանցակազմի բացակայության հիմքով։ «Վանակվա գրուպի» արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստան։

Արթուր Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը պաշտոնանկությունից հետո հիմնեց «Հայրենիք» կուսակցությունը, ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնայի ռեգիստրի՝ տնտեսական գործունեությամբ չի զբաղվում։ Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրեն դառնալուց հետո, սակայն, «Հետքն» անդրադարձել էր  վերջինիս ընտանիքի բիզնեսներին. Վանեցյանի հայրը՝ Գագիկ Վանեցյանը, հիմնադրել ու միանձնյա բաժնետեր է հանդիսանում «ԱՎ գրուպ» ընկերությունում, որը Հայաստան է ներկրում ծաղիկներ, ծաղկեփնջեր, կոկոններ ու դեկորատիվ կանաչներ։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը թողնելուց հետո «ԱՎ գրուպին» փորձում էին ապօրինի ձեռնարկատիրության քրգործի մեջ ներգրավել՝ կապված Երևանի Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ գործող ծաղկի շուկայի գործունեության հետ։

Գագիկ Վանեցյանը 50 տոկոս բաժնեմաս ունի նաև «Էյ բի էքսպորտ» ընկերությունում. այն զբաղվում է նավթամթերքի ներմուծմամբ և հիմնվել է 2017 թվականին։ Ներկրելով հիմնականում բենզին՝ «Էյ բի էքսպորտը», այնուամենայնիվ, չնչին մասնաբաժին ուներ ընդհանուր ներմուծումների մեջ, իսկ ըստ ՏՄՊՊՀ 2019-ի ուսումնասիրությունների՝ «Էյ բի էքսպորտն» ընդհանրապես դուրս էր եկել այս շուկայից։ Գագիկ Վանեցյանը 60 տոկոս մասնակցություն ունի նաև «Էյ բի տրանս» ընկերությունում։

2019 թ․ նոյեմբերին «Սիվիլնեթը» գրել էր Վանեցյանի հորեղբոր որդիների՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հնարավոր ներգրավվածության մասին։ Ըստ հրապարակման՝ հեղափոխությունից հետո կոմբինատի 12.5 տոկոսի բաժնետերն էր դարձել Կիպրոսում գրանցված «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված էր նույն հասցեում, ինչ Վանեցյանի եղբայրների կիպրական ընկերությունը, և ուներ նույն տնօրենները։ Կարեն և Արմեն Վանեցյաններին է պատկանում նաև Շվեյցարիայում գրանցված Exoil group ընկերությունների խումբը, որը զբաղվում է արևածաղկի, յուղերի մեծածավալ արտադրությամբ ու վաճառքով, նավահանգստային փոխադրումներով։ Ընկերության հասույթը 2019-ին կազմել էր 11.2 միլիարդ ռուբլի։ Վանեցյանի հորեղբոր այդ որդիները, սակայն, Հայաստանում բիզնես գործունեություն չեն ծավալում։

2019-ի գույքի, եկամուտների, ունեցվածքի հայտարարագրի համաձայն՝ Արթուր Վանեցյանն ունի մեկ բնակարան, 10.000 դոլար և մեկ միլիոն դրամ։ Այս տարվա մայիսին Հանրային հեռուստաընկերությունը հաղորդեց, որ Վանեցյանի հորեղբոր որդի Արմեն Վանեցյանը ավելի քան 300 միլիոն դրամով խոշոր առանձնատուն է ձեռք բերել Երևանի Ձորափի փողոցում։ Ձեռք բերված գույքը նվիրատվությամբ հանձնվել էր Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» զարգացման հիմնադրամին։

Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, որը Սերժ Սարգսյանի, իսկ ապա Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում զբաղեցնում էր կադրերի վարչության պետի պաշտոնը, ներկայում նախագահ Արմեն Սարգսյանի օգնականն է։

Արթուր Վանեցյանի կնոջը՝ Նոնա Վանեցյանին է պատկանում Երևանի Դեմիրճյան փողոցում գործող «Վիլլա Մոնտեսսորի» նախադպրոցական հաստատությունը։ Այն հիմնվել է 2017 թվականին։ «Վիլլա Մոնտեսսորին» շահագործում է Նոնա Վանեցյանին պատկանող «Յանգ ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ն։

Իշխան Սաղաթելյան 

Սաղաթելյանը ՀՅԴ գերագույն մարմնի անդամ է, թավշյա հեղափոխությունից հետո նշանակվել, իսկ ավելի ուշ պաշտոնանկ էր արվել Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։

Սաղաթելյանը «Ի-մեգա սերվիս» ՍՊԸ-ի միակ բաժնետերն է։ Ընկերությունը հիմնվել է 2006-ին և զբաղվում է տուրիստական գործունեությամբ։ «Ի-մեգա սերվիսը» ծառայություններ է մատուցում Հայաստանի, Արցախի ու Վրաստանի տարածքում։

Իշխան Սաղաթելյանը նաև «Նավասար» ընկերության հիմնադիրն է և տնօրենը, իսկ ընկերության միակ բաժնետերը հայրն է՝ Վաչիկ Սաղաթելյանը։ Նրանց է պատկանում 2014-ին հիմնված «Ծովասար» հյուրանոցային համալիրը, որի բացմանը մասնակցել էր նաև Սերժ Սարգսյանը։ Հյուրանոցը գտնվում է Սևանա լճի ափին, զբաղեցնում է 10 հազար քառակուսի մետր (մեկ հեկտար) տարածք։

2018-ին Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու հայտարարագրում Սաղաթելյանը նշել էր 8 հողամաս և 2 բնակարան։ Դրամական միջոցները կազմել էին 18.5 միլիոն դրամ, 45.000 դոլար և 15.000 եվրո։

Իշխան Սաղաթելյանի հայրը Գեղարքունիքի Գեղամավան համայնքի ղեկավարն է, իսկ Գեղամավանը ևս միացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Սաղաթելյանը նաև «Չիման» ՍՊԸ-ի բաժնետերն է եղել։ Ընկերության գործունեությունը ներկայում դադարեցված է։

Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանի բիզնես գործունեության մասին բազմիցս խոսվել է։ ԲՀԿ առաջնորդը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից է՝ ընկերություններ ունի տեքստիլ արտադրության ոլորտից մինչ գազալցակայաններ։ Ծառուկյանի ընտանիքին է պատկանում «Մուլտի գրուպ կոնցեռնը», որի կանոնադրական կապիտալը գերազանցում է 9.2 միլիարդ դրամը։ «Մուլտի գրուպ կոնցեռնի» մեջ միավորվում են ավելի քան երկու տասնյակ ընկերություններ՝ «Արարատ կոնյակ-գինու-օղու կոմբինատը», BMW-ի պաշտոնական ներկայացուցիչ «Եվրոմոթորսը», «Գազել», «Նիվա» մակնիշների պաշտոնական ներկայացուցիչ «Մուլտի մոթորսը», Hyundai-ի ներկայացուցիչ «Մագաս ինվեստը», «Մուլտի վելնես» և «Օլիմպավան» սպորտային համալիրները, Կոտայքի գարեջրի գործարանը, դռների ու պատուհանների արտադրությամբ զբաղվող «Տեխնալյումին» ՍՊԸ-ն, «Արարատցեմենտը», «Մուլտի ռեստ հաուս» հյուրանոցային համալիրը, «Շանգրի լա» խաղատունն ու «Փարավոն» ռեստորանը շահագործող «Օնիրա քլաբ» ընկերությունը, «Զվարթնոց» օդանավակայանի վերգետնյա ծառայություններ մատուցող «Ավիա սերվիս» ՓԲԸ-ն։ Ծառուկյանին են պատկանում «Ֆարմ Ադամա» և «Մուլտի Ֆարմ» դեղագործական և դեղորայք ներկրող ընկերությունները, «Մուլտի Լեոն» գազալցակայանների ցանցը, ֆոտովոլտային վահանակների արտադրությամբ զբաղվող «Մուլտի սոլարը»։

Ծառուկյանը բաժնեմասեր ունի ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Երևան ուոչ դիսթրիբյուշն», «Ֆորցա», «Մուլտի գոլդ», «Մուլտի դայմոնդ» ոսկերչական ընկերություններում։ ԲՀԿ ղեկավարն ունի նաև ձկնաբուծական ընկերություններ։ Ծառուկյանը բիզնես գործունեություն է ծավալում նաև Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Չեխիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Լատվիայում։ Ընդհանուր առմամբ, Ծառուկյանը հավատարմագրային կառավարման է հանձնել 54 ընկերություն։

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրի՝ Ծառուկյանը համատեղ սեփականությամբ ունի 14 հողամաս, 6 առանձնատուն, հասարակական նշանակության 2 շինություն ու մեկ բնակարան։ Նրա դրամական միջոցները 2019-ին կազմել են 167.7 միլիոն դոլար, 29.4 միլիոն եվրո և 675.5 միլիոն դրամ։

Միքայել Մելքումյան 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր և կուսակցության փոխնախագահ, հանրահավաքների մասնակից Միքայել Մելքումյանը 2004-2007 թվականներին բաժնեմաս է ունեցել «Վամիկ» ՍՊԸ-ում։ Ներկայում Մելքումյանն ուղիղ մասնակցություն որևէ ընկերությունում չունի։

Սակայն ինչպես տեսնում ենք Մելքումյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրում, նա մեծ թվով անշարժ գույք հանձնել է վարձակալության։ Մելքումյանը վարձակալությամբ տարածքներ է հանձնել «Բելենս շիթ», «Ջի էս քոմփանի», «Էքսպերտ», «Գագիկ Մուրադյան ԱՁ», «Անետ», «Ֆաստ տրանս», «Մադոյան», «Մարինե Հակոբյան ԱՁ», «Լիանա Սադոյան ԱՁ» ընկերություններին։

Բաժնային սեփականությամբ Մելքումյանը բնակարան ունի Երևանի կենտրոնում, միանձնյա սեփականությամբ՝ Արաբկիրում։ Բացի այդ, համասեփականատիրությամբ Մելքումյանը բնակարան ունի Իսպանիայի Կատալոնիա նահանգի Տարագոնա քաղաքում։ Մելքումյանի դրամական միջոցները 2019-ի հայտարարագրով կազմել են 312 հազար դոլար և 3 միլիոն դրամ։

Վահրամ Բաղդասարյան

Ընդդիմության հավաքների ակտիվ մասնակիցներից է ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Վերջինս ծնունդով Վանաձորից է։ Բաղդասարյանի որդին՝ Մինաս Բաղդասարյանը, միանձնյա բաժնետեր է «Վաբա» ՍՊԸ-ում։ Այս ընկերության մասին անցյալ տարի հրապարակում էր կատարել Լոռու մարզպետը՝ հրապարակելով մի պայմանագիր, ըստ որի՝ Վանաձորի «Արտեկ» ճամբարի տարածքը՝ 6500  քառակուսի մետր մակերեսով, մասնավոր մեկ այլ ընկերությունից 2004-ին ձեռք է բերել «Վաբան»։ Այս ընկերությունը Վանաձորում շահագործում է նաև «Վերնատուն» ռեստորանը։

«Վաբան» վերջի տարիներին սկսել է նաև Վանաձորում հակակարկտային ցանցերի արտադրություն ու տեղադրում։ Այս գործունեության մեջ ներդրում էին իրականացրել նաև որոշ իտալական ընկերություններ։ Կատարված ներդրումների ծավալն այս գործարանի կառուցման գործում գերազանցում էր 2 միլիարդ դոլարը։ Նախկին կառավարությունները՝ ներառյալ Փաշինյանի կառավարությունը, մի քանի անգամ ԱԱՀ արտոնություն էր տրամադրել «Վաբային»՝ հակակարկտային ցանցերի արտադրության համար։

2017-ին որպես պատգամավոր պաշտոնը ստանձնելիս Վահրամ Բաղդասարյանը հայտարարագրել էր 3 հողամաս, հասարակական նշանակության 1 շինություն, 1 առանձնատուն, 2 բնակարան և ամառանոց։

Վահրամ Բաղդասարյանի փեսան Արտավազդ Սարգսյանն է՝ 2012-2018 թթ. Աջափնյակի թաղապետը: Սարգսյանն այս տարվա հունիսից բաժնետեր է դարձել կրթության և գիտության դաշնակցական նախկին նախարար Լևոն Մկրտչյանին պատկանող «Վալեմ» ՍՊԸ-ում, որը ռեստորանահյուրանոցային ծառայություններ է մատուցում։ Սարգսյանի բաժնեմասն այդ ընկերությունում 25 տոկոս է, «Վալեմում» ևս 10 տոկոս մասնակցություն ձեռք է բերել Սննդամթերքի անվտանգության ծառայության նախկին պետ Իշխան Կարապետյանը։

Սարգսյանն ու Կարապետյանը մասնակցություն ունեն նաև «Վիա գրուպ» կառուցապատող ընկերությունում՝ յուրաքանչյուրը 25-ական տոկոս։ «Վիա գրուպը» հիմնվել է 2020-ին՝ ավելի քան 1.5 միլիարդ դրամ կանոնադրական կապիտալով։ Ընկերությունը մտադիր է Լենինգրադյան 23/2 և 23/10  հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիր կառուցել՝ 2550 քմ մակերեսով։ Կառուցվելիք համալիրը մերձակա է «Վալեմին» ու ենթադրաբար հենց այս նպատակով էլ «Վալեմը» գնվել է կառուցապատողների կողմից։ Ընկերությունն արդեն ներկայացրել է շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի հայտը, նաև կայացել են երկու հանրային քննարկումներ։

Վահրամ Բաղդասարյանի եղբայրը՝ Վարդան Բաղդասարյանը, եղել է «Ստեփշին» ընկերության 50 տոկոսի բաժնետեր և անցյալ տարի իր բաժնեմասը փոխանցել է որդուն՝ Հայկ Բաղդասարյանին։ Ընկերությունը գազալցակայան է շահագործում Լոռու մարզի Գարգառ գյուղում։ Վարդան Բաղդասարյանը նաև «Գազպրոմ Արմենիայի» Լոռու գազաֆիկացման ու գազամատակարարման մասնաճյուղի ղեկավարն է, Լոռու մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը։

Նշենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» մշտապես անդրադարձել է քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնյաների ունեցած բիզնեսներին և դրանց հետ նրանց առնչությանը։ Հետագայում ևս FIP.am-ն ուսումնասիրելու է հանրության ուշադրության կենտրոնում հայտնված քաղաքական գործիչների բիզնես գործունեությանը։

աղբյուրը՝ FIP.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ