Շանհայի դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել չինացի անկախ լրագրողուհի Չժան Չժանին, հաղորդում է CNN-ը։ 37-ամյա լրագրողուհին առաջիններից մեկն է լուսաբանել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Ուհանում։ Լրագրողուհուն մեղավոր են ճանաչել «վեճեր և անախորժություններ հրահրելու» հոդվածով։
Լրատվամիջոցը հաղորդում է, որ Չինաստանում այս հոդվածով սովորաբար դատում են մարդու իրավունքների ակտիվիստներին։ Մինչ այդ լրագրողուհուն մեղադրում էին կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։
Չժանը հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել։ Հունիսին նա հացադուլ էր հայտարարել՝ ի նշան բողոքի։ Սակայն Չժանին ուժով կերակրել են քթին և բերանին միացված խողովակի միջոցով։
Չժանը փետրվարից երեք ամիս շարունակ ռեպորտաժներ էր պատրաստում Ուհանում տիրող իրավիճակի մասին, որտեղ սկսվել էր կորոնավիրուսի համավարակը։ Չժանը ցույց էր տալիս լեփ-լեցուն հիվանդանոցները, դատարկ խանութները։ Նա իր նյութերը տեղադրում էր YouTube-ում, Twitter-ում և Wechat-ում։ Նրան ձերբակալել էին մայիսի կեսին։
Լրագրողուհին դատական լսումներին է ներկայացել սայլակով, քանի որ կալանքի տակ գտնվելու ամիսների ընթացքում շատ է թուլացել։
Չժանն առաջին լրագրողն է, ով դատապարտվում է կորոնավիրուսի համավարակի ընթացքում ռեպորտաժներ պատրաստելու համար։
CNN-ը նաև հայտնում է, որ Չժանը միակը չէ անկախ լրագրողներից, ովքեր ձերբակալվել կամ անհետացել են Չինաստանում համավարակի սկբից ի վեր։