Բեզոարյան այծը, քարայծը կամ մորուքավոր այծը (լատ.՝ Capra aegagrus), սնամեջ-եղջերավորների ընտանիքին պատկանող երկկճաղակվոր կենդանի է, լեռնային վայրի այծ։
Իրանի երկարությունը մոտ 1,5 մետր է, կենդանի քաշը՝ 80 կգ։ Նոխազներն ունեն կեռ, թրաձև եղջյուրներ, որոնց երկարությունը 130 սմ է։ Բուրդը շիկագույն է՝ մոխրագույն երանգներով, իսկ առանձին մասերում՝ մուգ կամ սև։ Գիտնականների մեծամասնության կարծիքով ընտանի այծերի նախահայրն է։
Բեզոարյան այծ կա Հունաստանում, Փոքր Ասիայում, Իրանում, Աֆղանստանում, Պակիստանում, Հայաստանում, Դաղստանում, Ադրբեջանում, Հարավային Թուրքմենիայում։
Տարածված են դժվարանցանելի լեռներում, Կովկասում՝ սովորաբար անտառային գոտու վերին սահմաններում։ Ամռանը բարձրանում են լեռների գագաթը։ Հայաստանում բազմացվում է Խոսրովի անտառում։ Բեզոարյան այծ պոլիգամ է, ապրում է հոտերով։ Բացառությամբ զուգավորման շրջանի՝ նոխազներն ապրում են առանձին։
Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։
Սնվում է խոտաբույսերով և կիսաթփերով, տերևներով։
Ծնվում են ապրիլ-մայիս ամիսներին, սովորաբար երկու, հազվադեպ՝ մեկ ուլ։