Իսրայելցի թուրք լրագրող Ուզայ Բուլութն անդրադարձել է Արցախում հայերի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանական հարձակմանը և ռազմական հանցագործություններին:Modern Diplomacy կայքում հրապարակված իր հոդվածում Բուլութը գրում է, որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Արցախի Հայկական Հանրապետությունը Հարավային Կովկասում ենթարկվել է Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանական հարձակմանը:
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհն է տեսել, թե ինչպես են ագրեսորները բազմաթիվ հանցագործություններ կատարել և ոչ ընտրողաբար հրթիռակոծել են հայկական պատմական հողերը:
Լրագրողը նշել է, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան, որոնք, ինչպես հայտնի է, կապ ունեն իսլամական արմատական խմբավորումների հետ: Դա հաստատվել է ՄԱԿ-ի՝ վերջերս ընդունված զեկույցով, ինչպես նաև բազմաթիվ սիրիացի վարձկանների ցուցմունքներով ու միջազգաին լրատվամիջոցների հաղորդումներով:
Բուլութի խոսքով՝ թուրքական զորքերն ադրբեջանական զինված ուժերի հետ միասին հայերի դեմ ռազմական հանցագործություններ են կատարել: Նրանք սպանել են խաղաղ բնակիչների, վնասել են լրագրողներին և հարվածներ են հասցրել տներին, անտառներին, հիվանդանոցներին, եկեղեցիներին ու մշակութային կենտրոններին, ինչպես նաև ոչ ռազմական այլ թիրախների: Նրանք օգտագործել են սպիտակ ֆոսֆոր և կասետային ռումբեր՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը:
Լրագրողը հիշեցնում է, որ ավելի քան 90 հազար հայեր ստիպված են եղել լքել իրենց հայրենի բնակավայրերը:
Գրում է, որ նույնիսկ հրադադարի ստորագրումից հետո հայտնվել են մի քանի տեսանյութեր, որտեղ ադրբեջանցի զինվորականները և նրանց «գործընկերները» գլխատում են, անդամահատում են գերեվարված հայ բնակիչներին ու ռազմագերիներին: Այդ սարսափելի հանցագործությունները տեսանկարահանվել են և հպարտությամբ տեղադրվել են սոցիալական ցանցերում՝ հենց կատարողների կողմից:
Բուլութը հիշեցրել է, որ «հաղթանակի զորահանդեսի» ժամանակ Էրդողանն արտաբերել է Էնվեր փաշայի անունը, ով 1914-1923թթ. Օսմանյան Թուրքիայում քրիստոնյաների ցեղասպանության կազմակերպիչներից մեկն է եղել: Թուրք լրագրողն ընդգծել է, որ այդ ցեղասպանությունը խլել է 1,5 մլն հայի, ավելի քան 1 մլն հույնի ու ասորու կյանք: Բաքվում տեղի ունեցած միջոցառման ժամանակ նաև օսմանյան մարտական քայլք է ցուցադրվել:
Բուլութի խոսքով՝ հայերի վրա Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանական հարձակումը հիմնական երկու պատճառ ունի.
1) Ավանդական թուրք-ադրբեջանական ատելություն հայերի և ադրբեջանցիների հանդեպ և
2) Թուրքիայի նպատակը՝ պանթյուրքիստական էքսպանսիոնիզմ, որը Թուրքիան նաև անվանում է «կարմիր խնձորի» դոկտրին: