Ճնշված իմունիտետ ունեցող մարդիկ կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում ավելի երկար են վարակիչ մնում, քան մյուսները։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է գիտնականների նամակում, որը հրապարակվել է New England Journal of Medicine-ում:
Հետազոտողներն ուսումնասիրել են 78 նմուշ՝ վերցված թույլ իմունիտետ ունեցող 20 մարդուց, որոնք հիվանդացել են COVID-19-ով: Նրանցից 15-ը ստանում էին ակտիվ բուժում կամ քիմիաթերապիա: 11 մարդու մոտ վարակը ծանր է ընթացել:
Անալիզներում վիրուսային ՌՆԹ հայտնաբերվել է ախտանիշների ի հայտ գալուց հետո 78 օրվա ընթացքում, իսկ 14 նմուշներից 10-ում հայտնաբերվել է կենսունակ վիրուս: Բացի այդ, հինգ հոգու քիթ-կոկորդից վերցվել են կենսանյութերի նմուշներ և դրանք տեղադրել բջջային կուլտուրաներում: Դրանց մեջ վիրուսն աճել է հիվանդության սկզբից 8-րդ, 17-րդ, 25-րդ, 26-րդ և 61-րդ օրերից հետո:
Ըստ գիտնականների՝ խիստ ճնշված իմունիտետ ունեցող հիվանդների մոտ, նույնիսկ արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստումից կամ բջջային թերապիայից հետո, կենսունակ կորոնավիրուսը կարող է հայտնաբերվել առնվազն երկու ամսվա ընթացքում:
Նամակի հեղինակները նշում են, որ թույլ իմունիտետ ունեցող մարդկանց համար նախազգուշական միջոցառումների հետ կապված խորհուրդները պետք է վերանայել։
Գործակալությունը նշում է, որ ռուս մասնագետները նույնպես հաստատել են, որ թույլ իմունիտետով մարդկանց մոտ վիրուսը երկար է մնում օրգանիզմում։
Այլ ռուս մասնագետներ, այդ թվում՝ բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին, Ռոսպոտրեբնադզորի տնօրենի տեղակալ Նատալյա Պշենիչնայան նշել են, որ կորոնավիրուսի տարածման ամենաակտիվ փուլը վարակվածի մոտ ախտանիշների ի հայտ գալուց երկու օր առաջ է և հիվանդանալուց մեկ շաբաթ անց։