Ռուսաստանից և Ֆրանսիայից մի խումբ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ Hafnia alvei աղիքային բակտերիաների վրա հիմնված պրոբիոտիկը կարող է օգնել ավելորդ քաշ ունեցող մարդկանց անվտանգ նիհարելուն: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ հղում կատարելով Ֆրանսիայի Ռուանի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրությանը:
Հետազոտության հեղինակ, Ռուանի համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Ֆետիսովը նշել է, որ Hafnia alvei մանրէները և գեները, որոնք պատասխանատու են ClpB սպիտակուցի սինթեզի համար, առողջ մարդկանց աղիքներում առկա են: Միևնույն ժամանակ, ուսումնասիրելով մի քանի հարյուր մարդկանց միկրոբիոտաների նմուշների վերլուծության արդյունքները՝ գիտնականները գտել են մի օրինաչափություն. այդ բակտերիաների թիվը կրճատվում է գեր մարդկանց մոտ:
Ֆրանսիայում Hafnia alvei-ն օգտագործվում է փափուկ պանիրների արտադրության համար, ինչպիսին է Camembert-ը: Այնուամենայնիվ, այս մանրէն երբեք չի օգտագործվել որպես պրոբիոտիկի հիմք:
Հետազոտողները նախաբժշկական փորձարկումներ են անցկացրել ավելորդ քաշ ունեցող մկների վրա, որոնց ընթացքում կենդանիները օրական մեկ անգամ ստացել են մանրէների դեղաչափ: Փորձի արդյունքում չորս օր Hafnia alvei մանրէներ ավելացնելուց հետո մկները սկսել են նիհարել:
Գերմանիայում վերջերս մանրէն փորձարկվել է մարդկանց վրա: «Փորձարկումներն ավելորդ քաշով տղամարդկանց և կանանց մոտ երեք ամիս ընդունելուց հետո նույնպես ցույց են տվել դրական արդյունք: Մարդկանց խումբը, որն ընդունել է մանրէները, սովի զգացման անկում է ունեցել»,- ընդգծել է Ֆետիսովը: