Անտարկտիդայում ավելի քան 30 000 ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել երեք ամսում: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Չիլիի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնին, նման սեյսմիկ ակտիվությունը մասնագետներն անսովոր են համարում:
Գիտնականների տվյալներով՝ անսովոր սեյսմիկ ակտիվությունն արձանագրվել է Բրանսֆիլդ նեղուցում: Այստեղ եռամսյա ժամանակահատվածում՝ սկսած օգոստոսի վերջից, ավելի քան 30 հազար ցնցումներ են գրանցվել 0,9-5,6 մագնիտուդ ուժգնությամբ: Սեյսմիկ առավել ակտիվ ժամանակահատվածը բաժին է ընկել սեպտեմբեր ամսվան:
Ամենահզոր ցնցումների վերլուծությունը թույլ է տվել գիտնականներին եզրակացնել, որ Բրանսֆիլդի նեղուցի ընդլայնման արագությունը զգալիորեն աճել է:
Նմանօրինակ երևույթները գիտնականները բացատրում են բարդ տեկտոնական ընդհանուր գործընթացներով, որոնք տեղի են ունենում Անտարկտիկական թերակղզու հարաբերականորեն ոչ մեծ հատվածում: