Արևի լրիվ խավարումը, որի առավելագույն փուլը (1,025) տեղի կունենա այսօր` Մոսկվայի ժամանակով ժամը 19։13-ին, հնարավորություն կտա Լուսնի շուրջ տեսնել հրե օղակ կամ «Արեգակի թագ»։ Լրիվ խավարումը կտևի շուրջ 2 րոպե։ Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել են Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունից։
«Լրիվ խավարման ժամանակ տեսանելի են «Արեգակի թագը», որը հիշեցնում է հրե օղակ, ինչպես նաև Արևին մոտ գտնվող աստղերն ու մոլորակները», – հաղորդել են պլանետարիումից։
Աստղագետները նաև հստակեցրել են, որ արևի խավարման լրիվ և մասնակի փուլերը չեն երևա Ռուսաստանի տարածքից։ Լրիվ խավարմանը կարող են հետևել միայն Չիլիի և Արգենտինայի բնակիչները։ Իսկ մասնակի խավարումը տեսանելի կլինի Հարավային Ամերիկայում, Պոլինեզիայում, Անտարկտիդայում և Աֆրիկայում։
Լուսնի ստվերը Երկրի վրա կընկնի Մոսկվայի ժամանակով ժամը 17։32-ին, Խաղաղ Օվկիանոսի կենտրոնական հատվածում, և կհեռանա 20։53-ին՝ Նամիբիայի ափերից արևմուտք։ Նրա լայնությունը երկրի մակերևույթի վրա կկազմի 90 կմ։