Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Լանդայի դեպարտամենտի՝ 6000 բադ ունեցող թռչնաֆաբրիկայում H5N8 թռչնագրիպի վիրուսի ակտիվ բռնկման մասին: «ANSES ազգային տեղեկատու լաբորատորիան այսօր հաստատել է անասնապահական Բենես-Մարեմն կոմունայում H5N8 վիրուսով վարակման փաստը, որտեղ դեկտեմբերի 5-ին մահացության բարձր ցուցանիշ է գրանցվել»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
Նոյեմբերի կեսերին կենդանիների խանութներում H5N8 վիրուսի հայտնվելուց ի վեր սա Ֆրանսիայում առաջին վարակված ֆերման է:
«H5N8 վիրուսը, որը մարդուն չի փոխանցվում, Եվրոպայի վայրի բնության մեջ ակտիվորեն շրջանառվում է չվող թռչունների միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ: Որպես կանխարգելիչ միջոց՝ լաբորատորիայի ստացած անալիզների առաջին արդյունքների ֆոնին, դեկտեմբերի 6-ին պրեֆեկտուրան կարգադրել է ոչնչացնել ֆերմայի բոլոր բադերը: