Վաղուց ի վեր Հնդկաստանում փղերն ընտելացվել են։ Նրանք զարմանալիորեն խելացի են ու հասկացող։ Փիղը կարող է պտտեցնել ճախարակն ու ջրհորից ջուր հանել, արմատախիլ անել ծառեր ու ծանր գերաններ քարշ տալ և, նույնիսկ, երեխա խնամել։
Շքեղ զարդարված փղերը մասնակցում են երթերի՝ հատկապես տոնական ծիսակատարությունների ժամանակ։ Ժանիքների համար մարդիկ զանգվածաբար ոչնչացրել են փղերին։ Փղոսկրից պատրաստում են զանազան առարկաներ, թանկարժեք զարդեր։
Այժմ փղերի որսն ու արտահանումն արգելված են։ Շատ փղեր կան Աֆրիկայի արգելոցներում և ազգային պարկերում։ Փղերի հետ պետք է զգույշ լինել և չզայրացնել նրանց։ Կատաղած փիղն ահարկու է. նա կարող է ոչ միայն ոտնատակ տալ մարդուն կամ կնճիթի հարվածով սպանել նրան, այլև ավտոմեքենա շրջել։ Զուր չէ, որ հնում Պարսկաստանի և Կարթագենի բանակներում մարտական փղեր էին պահում։