Մարտական գործողություններից տուժածների բուժօգնության հարցերը մշտապես գտնվելու են իմ անմիջական հսկողության տակ. Ա.Թորոսյան

 

«Շուրջ 20 օր է, ինչ գտնվում ենք պատերազմական դրության մեջ. հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով  ստեղծված իրավիճակին, կենաց մահու կռիվ է։ Այս համատեքստում մյուս խնդիրները, կարծես, մղվում են հետին պլան, սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Օրհասական այս օրերին մենք զբաղվում ենք մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակչության տարհանմամբ և բուժմամբ»,- ասել է նախարարը՝ նշելով, որ նախարարության մի շարք ներկայացուցիչներ մշտապես գտնվում են Արցախում։

«Այս ժամանակահատվածում մի քանի անգամ անձամբ եմ այցելել Ստեփանակերտ՝ համակարգելու վիրավորների բուժօգնության կազմակերպչական հարցերը, ինչպես նաև՝ տեղում ձեռնարկելու անհրաժեշտ միջոցառումներ»,- նշել է նա։

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ մարտական գործողություններից տուժածների բուժօգնության հարցերը, այդ թվում՝ հետագա վերականգնողական բուժումը մշտապես գտնվելու են իր անմիջական հսկողության տակ։

Նախարարն այս օրերին վիրավորում ստացած բոլոր զինծառայողներին, կամավորներին, խաղաղ բնակիչներին մաղթել է առողջություն և շուտափոյթ ապաքինում։

«Խորապես ցավում և վշտակցում ենք նահատակված հերոսների հարազատներին ու մտերիմներին։ Փառք ու պատիվ մարտի դաշտում հերոսաբար ընկած մեր զինվորներին, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանեցին, իսկ նրանց մարտական ընկերները շարունակում են պաշտպանել մեր հայրենիքը։ Դժվար է հաշտվել և համակերպվել նրանց անդառնալի կորստի հետ։ Բոլորս շնորհակալ և միշտ երախտապարտ ենք լինելու նրանց՝ կենաց մահու կռիվ  տալու համար։  Վերջիններիս գործած սխրանքների շնորհիվ մեր հայրենիքը ու ժողովուրդը շարունակելու է ապրել։ Հավերժ փառք մեր հերոսներինե»,-ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ