Բնակչության գործողությունը «Օդային տագնապ» և «Օդային տագնապի ավարտ» ազդանշանների ազդարարման դեպքում․
Լսելով ազդանշանը անմիջական սպառնալիքի վերաբերյալ` անհրաժեշտ է գործել արագ և գործնական, առանց խուճապի: Հարկավոր է նախօրոք գիտենալ բնակավայրի, աշխատավայրի հարևանությամբ տեղաբաշխված պաշտպանական կառույցները, ինչպես նաև տիրապետել վարքագծի կանոններին նմանատիպ իրավիճակներում:
«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչությունը պարտավոր է`
ա) աշխատավայրում գտնվելու դեպքում.
- 1. գործել տվյալ ձեռնարկության ՔՊ պլանով նախատեսված հրահանգի պահանջներին համապատասխան, անջատել ներքին և արտաքին լուսավորությունը (գիշերային ժամերին)` բացառությամբ քողարկված լուսավորության լուսարձակների, ՔՊ անհատական պաշտպանական միջոցները բերել պատրաստի վիճակի, հնարավորինս արագ տեղափոխվել պաշտպանական կառույց,
- 2. տրանսպորտային միջոցների վարորդները պարտավոր են անմիջապես կայանել, բացել դռները, հանգցնել շարժիչը, անջատել էլեկտրականությունը և ուղևորների հետ պատսպարվել մոտակա պաշտպանական կառույցում (մետրոպոլիտենի կայարան, գետնանցում), հարմարվել տեղանքի ռելիեֆին, օգտագործել ցածր աղյուսե կամ քարե ցանկապատերը, ջրատարները, կոճղերը, թմբերը և այլն: Անհրաժեշտ է հիշել, որ շենքերի, շինությունների պատերի տակ պատսպարվել չի կարելի. դրանք կարող են փլվել:
բ) Հասարարական վայրում գտնվելիս`
ուշադրությամբ լսել կառավարիչի հաղորդումը մոտակա պաշտպանական կառույցի տեղաբաշխման վայրի մասին և կազմակերպված տեղափոխվել այնտեղ,
- 1. ձեռքի տակ եղած անհատական պաշտպանական միջոցները բերել պատրաստի վիճակի,
- 2. հրահանգի բացակայության դեպքում օգտվել մակերևութապատկերի հնարավորությունից, բնական և արհեստական թաքստոցներից:
գ) Բնակարանում գտնվելու դեպքում`
- 1. անջատել գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման համակարգերը, վերցնել ՔՊ անհատական պաշտպանական միջոցներ, աղետի ճամպրուկ (3 օրվա սնունդ, ջրի պաշար, առաջին անհրաժեշտության իրեր, հիգիենայի պարագաներ, դեղամիջոցներ, անձը հաստատող փաստաթուղթ),
- 2. զգուշացնել հարևաններին ազդարարման մասին,
- 3. հնարավորինս արագ տեղափոխվել մոտակա պաշտպանական կառույց:
«Օդային տագնապի ավարտ» ազդարարման ազդանշանը տրվում է բնակչությանը իրազեկելու թշնամու կողմից օդային հարձակման վտանգի վերացման մասին: Այս ազդանշանի ազդարարումից հետո բնակչությունը գործում է ըստ ստեղծված իրավիճակի. - 1. ծառայողները, ուսանողները, բանվորները վերադառնում են աշխատավայրեր կամ ընդգրկվում են վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը,
- 2. չաշխատող բնակչությունը վերադառնում է իրենց բնակարաններ և հետևում ըստ իրավիճակի տրվող հրահանգներին, այդ թվում` հնարավոր ռեժիմային միջոցառումներից բխող հրահանգներին,
- 3. բնակչությունը պետք է գտնվի զգոն վիճակում` թշնամու հնարավոր նոր հարձակմանը դիմակայելու համար: