Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Известия պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այլ պետությունների հետ հարաբերությունների հարցով Վատիկանի մամուլի քարտուղար Փոլ Ռիչարդ Գալահերը։
Նրա խոսքով՝ Վատիկանը համարում է, որ Վաշինգտոնը փորձում է կաթոլիկների առաջնորդին ներքաշել ԱՄՆ-ի նախընտրական քարոզարշավում։
Բացի այդ, Հռոմի պապի ներկայացուցիչը չի բացառել, որ ԱՄՆ-ն ցանկանում է Վատիկանը ներքաշել Չինաստանի հետ իր տարաձայնություններում։ Իտալիա պաշտոնական այցի ժամանակ Պոմպեոն արդեն մեղադրել էր Պեկինին դավանանքի ազատությունը սահմանափակելու մեջ։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին։ Ներկայումս ԱՄՆ-ում նախընտրական ակտիվ քարոզարշավ է ընթանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակից թեկնածու Ջո Բայդենն առաջին բանավեճն են անցկացրել, որի ընթացքում միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։