Գյումրեցի 7-ամյա Նարեկը ընկերների հետ անիվներ է հավաքում, որ սահման ուղարկի

Գյումրեցի յոթամյա Նարեկն այսօր ամբողջ օրն իր ընկերների հետ անիվներ էր հավաքում սահման ուղարկելու համար: Փոքրամարմին տղան մեծ դժվարությամբ իրենից մի քանի անգամ ծանր անվադողերը տեղափոխում էր հավաքատեղի:

«Էս կալոսները կտանիմ, օր ղրգեմ պոստ: Ծանր էլ էղնի, մեր տղեքի համար կտանիմ: Կհավաքենք մեր մայլեն, գռուզավիգները կուգան, կտանին»,- ոգևորված պատմում էր Նարեկը:

Նարեկը նաև ասաց, որ հենց զինվոր դառնա, կռվելու է իր հայրենիքի համար, անպայման բանակ է գնալու:

«Ես խրամատի մեջ բդի կռվիմ, էս կալոսներն էլ, օր կտանին պոստ, կսարքեն, օր կրակոցը զինվորներին չկպնի»,- ասում է Նարեկը:
Քիչ հետո Նարեկին միացան նաև իր ընկերները, ովքեր ևս անիվներ էիր հավաքել:

«Գիտենք, օր էս կալոսները մեր զինվորներին կպաշտպանեն, օր կկրակեն, կկպնի կալոսներին, իրանցից ադբիտ կենե: Մենք էսօր արդեն չորս հատ հավաքել ենք, իսկ ընդհանուր հիսուն հատ ենք հավաքել»,- խմբով, իրար չզիջելով, պատմում էին գյումրեցի տղաները:

Այս օրերին Գյումրիի տարբեր թաղամասերում, կենտրոնական փողոցներում քաղաքացիներն անիվներ են կուտակում, որը հետո ուղարկվելու է սահման` դիրքերի ինժեներական աշխատանքներում օգտագործելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ