Հելսինկիի օդանավակայանում սկսել են աշխատել 4 շներ, որոնք, Ֆինլանդիայի իշխանությունները հույս ունեն, կարող են մատչելի, արագ և արդյունավետ այլընտրանքային մեթոդ հանդիսանալ կորոնավիրուսով հիվանդներին հայտնաբերելու գործում։ Շունը կարող է 10 վայրկյանում հայտնաբերել կորոնավիրուսի առկայությունը, իսկ ընդհանուր գործընթացը տևում է մեկ րոպեից պակաս։
The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հելսինկիի համալսարանի մասնագետ Աննա Հիելմ-Բյորկմանը, ով վերահսկում է փորձը։
Ուղեբեռը ստանալուց հետո արտերկրից ժամանող ուղևորներին խնդրում են անձեռոցիկով մաքրել մաշկը, այնուհետև առանձին կրպակում անձեռոցիկը դրվում է անոթի մեջ այլ անոթների կողքին, որոնք պարունակում են այլ վերահսկիչ հոտեր, և շունը սկսում է հոտոտել։
Եթե շունը տարբեր հատուկ նշաններով ցույց է տալիս, որ հայտնաբերել է վիրուսը, ուղևորին խնդրում են ՊՇՌ թեստ հանձնել՝ ստուգելու շան կատարած բացահայտումը։
Հելսինկիի համալսարանի կատարած նախնական թեստերը ցույց են տվել, որ շներին հաջողվել է վիրուսը հայտնաբերել գրեթե 100% ճշգրտությամբ։
Ֆիննական ընկերությունը, որը վարժեցնում է կենդանիներին հոտեր հայտնաբերել, տվյալ նախագծի համար 16 շուն է վարժեցնում, որոնցից 10-ը կաշխատեն օդանավակայանում։
Ավստրալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի հետազոտողները նույնպես աշխատում են նման նախագծերի վրա, սակայն Ֆինլանդիան եվրոպական առաջին երկիրն է, որը շներին վարժեցրել է հայտնաբերել կորոնավիրուսը։ Նման փորձ է սկսվել Դուբայի միջազգային օդանավակայանում անցյալ ամիս։