Պաշտպանիչ բժշկական դիմակը 1.8 անգամ նվազեցնում է շնչառական վարակների ռիսկը: Այս մասին հայտնում են «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի մասնագետները հաշվարկել են, որ ձեռնոցներ օգտագործելիս շնչառական հիվանդություններով, գրիպով եւ COVID-19-ով վարակվելու ռիսկը նվազում է 1.3 անգամ: Ձեռքերը պաշտպանելը, ըստ մասնագետների, հատկապես կարեւոր է հիվանդների հետ շփման ժամանակ. այդ դեպքում վարակման հավանականությունը նվազել է 2.7 անգամ:
Extreme Mechanics Letters-ում հրապարակված հետազոտությունն իր հերթին ցույց է տվել, որ կտորից պատրաստված ինքնաշեն դիմակները կարող են արդյունավետորեն զսպել վիրուսների տարածումը, նույնիսկ` խոսելիս եւ հազալիս: Ըստ գիտնականների` ինքնաշեն դիմակները պետք է պատրաստվեն շնչող գործվածքներից, քանի որ հակառակ դեպքում արտաշնչվող օդը չի անցնի դիմակի միջով, այլ դուրս կգա կողքից: