Կորոնավիրուսի համավարակը լավագույն դեպքում կավարտվի 2022 թվականին։ Նման ժամկետ է կանխատեսել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Բայց եթե հաջողվի գլոբալ մոտեցում կիրառել, 2021 թվականի ընթացքում մենք կկարողանանք նվազեցնել վիրուսի տարածման ցուցանիշները։ Փառք Աստծո, պատվաստանյութերի մշակման տեխնոլոգիաներն արդեն կան, ֆինանսավորումը կա, իսկ ընկերություններն առանձնացրել են իրենց լավագույն մասնագետներին։ Դրա համար էլ լավատեսորեն եմ տրամադրված, դա հավերժ չի տևի»,- նշել է նա։
Գեյթսի գնահատմամբ ՝ համաճարակի ժամանակ աշխարհում պատվաստումների մակարդակը 14 տոկոսով նվազել է և ոչնչացրել այն առաջընթացը, որը ձեռք է բերվել նախորդ 20 տարիներին: Նա նաև հիասթափություն է հայտնել, որ ԱՄՆ-ը ջանքեր չի գործադրում ավելի աղքատ երկրներում պատվաստանյութերի արտադրության և տարածման համար: