Բրազիլիայում, Ամազոնի անտառներում, զոհվել է տարածաշրջանի ոչ կոնտակտային ցեղերի գծով առաջատար փորձագետներից մեկը՝ Ռիելի Ֆրանցիսկատոն: Նա սպանվել է տեղաբնիկի նետի հարվածից, որը դիպել է նրա սրտին, հաղորդում է BBC-ն:
Ֆրանցիսկատոն ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ փորձել է մոտենալ արտաքին աշխարհի հետ շփում չունեցող անհայտ ցեղի ներկայացուցիչներին: Տեղաբնիկները նետահարել են հետազոտողին և նրան ուղեկցողներին: Ոստիկաններին հաջողվել է թաքնվել ավտոմեքենայի հետևում, իսկ Ֆրանցիսկատոն վիրավորվել է:
Ոստիկանության աշխատակիցներից մեկի խոսքով, հետազոտողը նետը հանել է կրծքից, վազել է մոտ 50 մետր և ընկել: Ֆրանցիսկատոյին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել:
Ռիելի Ֆրանցիսկատոն 56 տարեկան էր: Նա աշխատում էր Բրազիլիայի հնդկացիների ազգային հիմնադրամում: Հետազոտողը զբաղվում էր տարածաշրջանի արտաքին աշխարհի հետ շփում չունեցող ցեղերի կյանքի ուսումնասիրությամբ և նրանց պաշտպանությամբ: Ֆրանցիսկատոյի գործընկերները կարծում են, որ տեղաբնիկներին կարող էր հրահրել ոստիկանների ներկայությունը:
Բրազիլացի ֆոտոլրագրող Գաբրիել Ուչիդան հայտարարել է, որ հնդկացիների այդ խմբին նախկինում արդեն տեսել էին այդ տարածքում, և նրանք խաղաղասեր էին համարվում: «Այս անգամ հինգ զինված տղամարդ է եղել՝ ռազմական խումբ: Սա նշանակում է, որ այնպիսի բան է պատահել, որը նրանց ստիպել է վրեժ լուծել»,- ասել է լրագրողը:
«Survival International»-ի իրավապաշտպանների կարծիքով, Ֆրանցիսկատոյի և նրան ուղեկցողների վրա հարձակումը կարող է Ամազոնի անտառների հատման և այդ տարածաշրջանում ոսկու արդյունահանման հետ կապված իրավիճակի պատասխանը լինել: Տարածքի արդյունաբերական զարգացումը սպառնում է տեղաբնիկների սովորական կյանքին: Բացի այդ, միշտ չէ, որ հնդիկները կարող են տարբերել, թե «արտաքին աշխարհի» մարդկանցից որն է իրենց ընկերը, որը՝ թշնամին: