Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան, Անահիտ Կիրակոսյան և Աղաս Մանուկյան՝ «Հըրսանիք»

Երգիչ Գևորգ Մկրտչյանը, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու դերասան Աղաս Մանուկյանն անակնկալ ունեն իրենց երկրպագուների համար` տեսահոլովակի և երգի տեսքով: Նրանց փոխանցմամբ` հումորային տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերի 15-ին: Տեսահոլովակի մանրամասներն ու առաջին կադրերը նրանք վստահել են  Tert.am Life–ին:

«Մտահղացումը իմն է, իրագործել ենք Մենչի,Արման Անտոնյաննինի, Անահիտ Կիրակոսյանի, Աղաս Մանուկյանի հետ միասին: Ուզում էինք ստեղծել նախադեպը չունեցող հումորային նախագիծ: Այդ միտքը մոտ մեկ տարի է ունեի, բայց երկար ժամանակ չէի կողմնորոշվում` ում հետ իրականացնել նախագիծը: Արման Անտոնյանի հետ խոսեցինք ու առաջին մարդը, ում մասին մտածեցինք, եղավ Աղաս Մանուկյանը:Աղասի հետ ընկերներ էինք, առաջարկեցինք, նա էլ սիրով համաձայնեց: Հետո արդեն բոլորով միաձայն որոշեցինք, որ նախագծի երրորդ մասնակիցը պետք է լինի Անահիտ Կիրակոսյանը: Անահիտին գիտեի, բայց անձամբ ծանոթ չէինք: Նախագծի նախապատրաստական աշխատանքներն այնքան երկար տևեցին, որ Անահիտի հետ էլ ընկերացանք»,-ասաց Գևորգը:

Աղասի խոսքով` առաջարկը ստանալուն պես համաձայնել է. «Միանգամից մտածեցի այն ընդունելու մասին, քանի որ շատ հետաքրքիր նախագիծ է: Թե՛ Անահիտի, թե՛ Գևորգի հետ համագործակցությունը շատ հեշտ ստացվեց, որովհետև երկուսն էլ թեթև, տաղանդավոր, դրական մարդիկ են, իրար կես բառից հասկացել ենք»:

Դեռ հունիսի սկզբին Գևորգ Մկրտչյանն  ու Անահիտ Կիրակոսյանն իրենց ուղիղ եթերի ժամանակ հայտնել էին, որ Գևորգն ամուսնանալու է, բայց հարսանիքը չեն կարող կազմակերպել արտակարգ դրության պայմաններում: Դա քննարկումների տեղիք էր տվել, բայց պարզվում է` նրանք այս նախագիծն ի նկատի ունեին: «Դեռ բավականին ժամանակ առաջ, երբ ես ու Գևորգ Մկրտչյանը խոսում էինք Գևորգի հարսանիքի մասին, հենց այս տեսահոլովակն ի նկատի ունեինք: Տեսահոլովակում Գևորգն ամուսնանում է, ինքն ու Աղասն էլ իմ տղաներն են»,- ասաց Անահիտը:

«Հըրսանիք» կոչվող երգի երաժշտության հեղինակն Արման Անտոնյանն է, խոսքերի հեղինակը` Աղաս Մանուկյանը: «Կարծում եմ` վերջին տասնամյակում նման նախագիծ դեռ չի եղել: Երգը հումորային է, առաջին հատվածն Անահիտն է երգում, մյուս հատվածը ես, իսկ կրկներգը երգում է Գևորգը: Երգը հումորային ձևաչափի է, տեսահոլովակը նույնպես»,-նշեց Աղասը:

Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է: Գևորգն ասաց, որ նրա հետ քննարկումներից հետո որոշել են` տեսահոլովակը պետք է նկարահանեն Դսեղ գյուղում: «Գեղատեսիլ տեսարաններով ու կոլորիտով լի գյուղ է: Ընդհանուր առմամբ, նախապատրաստական աշխատանքները տևել են մեկ ամսից ավելի, բայց բուն նկարահանումները տևել են երկու օր: Աշխատել ենք առանց հանգստի ու քնելու, քանի որ սյուժետային հագեցած տեսարաններ էին»:

Տեսահոլովակում նկարահանվել են Լալա Մնացականյանը, Լևոն Հարությունյանը, Սերգեյ Դանիելյանը, Ալլա Լևոնյանը, Գարիկ Սեփխանյանը, Տիգրան Գյուլումյանը, Նարինե Ոսկանյանը, Լեռնո Հարությունյանը, Ագնեսա Շահնազարյանը, հարսիկի դերում` Սոնա Դանիելյանը: Ըստ Անահիտի` փայլուն աշխատանք է ստացվել. «Տեսահոլովակի նկարահանումները շատ զվարճալի են անցել, քանի որ մեկ վայրում հավաքվել էին այդքան հումորով և լավ դերասաններ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ