Դաղստանի Մախաչկալա քաղաքում գտնվող ռուս թոշակառու Բագամա Այգուբովը քաշի կորստի ռեկորդ է սահմանել: Հինգ ժամվա ընթացքում նա ազատվել է 9,3 կիլոգրամից: Տղամարդու խոսքով՝ այս կերպ նա դաս է տվել բոլոր ծույլերին՝ ցույց տալով, թե ինչ կարող ես անել մարմնիդ հետ մի քանի ժամվա ընթացքում, գրում են ռուսական լրատվամիջոցները:
66-ամյա Այգուբովը հինգ ժամ վազել է մարզադաշտում: Մեկնարկից առաջ նրա քաշն 88 կիլոգրամ է եղել:
«Շատ մարզիկներ չեն կարող նույնիսկ երկու կամ երեք կիլոգրամով նիհարել: Եվ ես կապացուցեմ, որ դա հնարավոր է»,- ասել է տղամարդը վազքից առաջ:
Մրցարշավի ընթացքում արևը սկզբում փայլել է, բայց հետո սկսել է անձրև տեղալ, ինչը, սակայն, չի կանգնեցրել թոշակառուին:
Բժիշկները հերթապահել են մարզադաշտում, բայց նրանց օգնության կարիքը չի եղել:
Հինգ ժամ վազքի արդյունքում մարզիկը կորցրել է 9,3 կիլոգրամ: Բագամա Այգուբովին շնորհվել է Ռուսաստանի ռեկորդների գրքի վկայական:
Նախկին ատամնաբույժ Այգուբովը տարբեր տեսակի մարտարվեստների Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների հաղթող և մրցանակակիր է: Նրա խոսքով՝ ինքը պարբերաբար զբաղվում է սպորտով, այդ թվում՝ վազքով:
Այգուբովը պատրաստվում է քաշի արագ կորստի բազմակի չեմպիոն դառնալ: