Չինաստանը արգելք է սահմանել Գերմանիայից խոզի մսի ներկրման համար՝ երկրում խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքից հետո

Չինաստանը արգելք է սահմանել Գերմանիայից խոզի մսի ներկրման համար՝ երկրում խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքից հետո:

Չինական իշխանությունները արգելել են խոզի մսի ուղղակի եւ անուղղակի ներմուծումը Գերմանիայից՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի հայտնաբերումից հետո: Այս մասին ասված է համատեղ հայտարարության մեջ, որը շաբաթ օրը հրապարակել են ՉԺՀ մաքսային գլխավոր վարչությունը եւ գյուղատնտեսության ու գյուղական գործերի նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նոր միջոցառումներն ուժի մեջ են մտել հայտարարության հրապարակման պահից: Նոր կանոնների ընդունումից հետո Գերմանիայից Չինաստան ուղարկված ապրանքները պետք է վերադարձվեն եւ ոչնչացվեն: Մինչ փաստաթղթի հրապարակումը ՉԺՀ ուղարկված ապրանքները պետք է ենթարկվեն ուժեղացված մաքսային հսկողության եւ կարանտինի:

Սեպտեմբերի 10-ին Գերմանիայի սննդի եւ գյուղատնտեսության նախարար Ջուլիա Կլոկները հաստատել էր, որ խոզերի աֆրիկյան ժանտախտով վարակվելու առաջին դեպքը գրանցվել է Լեհաստանի հետ սահմանի մոտ գտնվող գերմանական Բրանդենբուրգ հողում: Նրա խոսքով, հիվանդությունը հայտնաբերվել է սատկած վարազի մոտ:

Խոզերի աֆրիկյան ժանտախտը վարակիչ հիվանդություն է, որի ինկուբացիոն շրջանը երկու շաբաթ է, դրա փոխանցողները վարակված կամ արդեն վերականգնված կենդանիներն են: Որպես կանոն, վիրուսը օրգանիզմ է մտնում սննդի, մաշկի վերքերի, լորձաթաղանթի, միջատների խայթոցի միջոցով: Մարդու վարակման դեպքեր չեն եղել, բայց գիտնականները չեն բացառում հիվանդության ռիսկը, քանի որ վիրուսը զարգանում է անկանխատեսելիորեն եւ հնարավոր է դրա տեսակների քանակի աճ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ