Բրիտանիայում պահանջում են հետաքննություն իրականացնել 84-ամյա Փիթեր Աթվուդի մահվան կապակցությամբ, որն ապրել է Անգլիայի Քենթ կոմսության Չաթեմ քաղաքում: Անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին թոշակառուն վատ է զգացել. նրա ջերմությունը բարձրացել է, և հազ է սկսվել: Հունվարի 7-ին նա հոսպիտալացվել է: Բժիշկները չեն կարողացել պարզել հիվանդության պատճառները, իսկ Փիթերը գնալով վատացել է: Հունվարի 30-ին նա հիվանդանոցում մահացել է: Մահվան պատճառը թոքաբորբն ու սրտի անբավարարությունն է եղել:
Այնուամենայնիվ, կատարված թեստերը ցույց են տվել, որ նրա թոքերի հյուսվածքներում առկա է եղել կորոնավիրուս: Բժիշկները պահել էին հյուսվածքի նմուշները, քանի որ նրանք կասկածում էին, որ մահացածը ունի ասբեստոզ՝ հիվանդություն, որն առաջացել է ասբեստ պարունակող փոշու ներշնչումից: Բայց կենսաթոշակառուն կապ չէր ունեցել ասբեստի հետ:
Թեստի արդյունքները պաշտոնապես հրապարակվել են: Այսպիսով, Փիթերը դարձել է Մեծ Բրիտանիայում COVID-19- ի առաջին զոհը, թեպետ դեռ հավատում էին, որ կորոնավիրուսը երկիր է մտել մարտին:
Ըստ Daily Mail- ի՝ Աթվուդի առաջին ախտանշանները ի հայտ են եկել երեք օր առաջ այն բանից, երբ Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը պաշտոնապես տեղեկացրել են Ուհանում թոքաբորբով հիվանդացության դեպքերի մասին, որտեղից կորոնավիրուսը տարածվել է աշխարհով մեկ:
Փիթերի դուստրը՝ 46-ամյա Ջեյն Բաքլենդը, վստահ է, որ Չինաստանը թաքցրել է վիրուսի մասին տեղեկատվությունը: Եվ եթե չլիներ այդ սուտը, նրա հայրը և շատ այլ մարդիկ ողջ կմնային:
Ջեյնը նույնպես վիրուսային հիվանդություն է ունեցել անցյալ տարվա Սուրբ ծննդյան տոներից անմիջապես առաջ, բայց՝ ավելի մեղմ տեսքով: Իսկ նրա 18-ամյա դուստրը՝ Մեգանը, հիվանդացել է հունվարի 10-ին: Բաքլանդը վստահ է, որ իրենց մոտ կորոնավիրուս է եղել. թեպետ այդ ժամանակ դեռ թեստեր չէին արվել, ուստի դա չի կարելի ասել բացարձակ համոզվածությամբ:
«Ես գնում էի սուրբծննդյան երեկույթների, գրկում և համբուրում էի մարդկանց … Եթե ես իմանայի, որ մենք կարող ենք մահացու վիրուս տարածել, ամեն ինչ այլ կլիներ», – ասում է կինը:
Տղամարդը երբեք չի եղել Չինաստանում և անգամ չի լքել երկիրը: Նրա դուստրը կարծում է, որ ինքը կարող է վարակած լինել հայրիկին: