Գիտնականները հայտնաբերել են վիրուս, որը կարող է դադարեցնել գրիպի համաճարակը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ռինովիրուսը, որն արտահայտվում է որպես սովորական մրսածություն, կարող է արգելափակել A գրիպի վիրուսը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Microbe ամսագրում:

Ռինովիրուսային վարակը սուր շնչառական վարակների տեսակներից է`ամենատարածված սեզոնային հիվանդությունը: Ամենից հաճախ դա արտահայտվում է սովորական մրսածության տեսքով, որը տևում է հինգ օրից երկու շաբաթ:
Կլինիկական տվյալները վերլուծելուց և փորձեր կատարելուց հետո Նյու Հեյվենի Յեյլի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները եզրակացրել են, որ ռինովիրուսը խոչընդոտում է A գրիպի տարածմանը:

Վիրուսային միջամտության երևույթը, երբ մի հարուցիչ ճնշում է մյուսի վերարտադրությունը, հայտնի է վաղուց, բայց վարակի այս զույգ հարուցիչների համար այն նկարագրվում է առաջին անգամ:

Ուսումնասիրության համար պատճառ են հանդիսացել այն տեղեկությունները, որ 2009-ին եվրոպական որոշ երկրներում H1N1 գրիպի վիրուսի տարածումն աշնանը դանդաղել է՝ սեզոնային մրսածությունների սկսվելով:
Հեղինակները վերլուծել են Յեյլի համալսարանական հիվանդանոցում չափահաս հիվանդների PCR փորձարկման արդյունքները երեք ձմեռային սեզոնների համար՝ 2016–2017, 2017–2018 և 2018–2019: Փորձարկումն իրականացվել է հիվանդանոցի լաբորատորիայում մշակված մուլտիպլեքս PCR վահանակի միջոցով, որը կարող է հայտնաբերել 10 տիպի վիրուսներ. ռինովիրուս, A և B գրիպի վիրուսներ, A և B շնչառական սինցիտալ վիրուսներ, մարդու մետապնեմանովիրուսներ, ադենովիրուս և այլն:

Ուսումնասիրության համար ընտրվել է 13 707 արդյունք: Գրիպի А վիրուսը և ռինովիրուսը եղել են համադրելի քանակությամբ. համապատասխանաբար 922 և 982: Ի զարմանս հետազոտողների՝ երկու վիրուսները միաժամանակ հանդիպել են 12 նմուշներում:
Գիտնականներն ուսումնասիրել են երկու վիրուսների փոխազդեցության մեխանիզմը: Ռինովիրուսի առկայության պայմաններում բջիջների արձագանքը վարակին և գրիպի A վիրուսի վերարտադրմանը գրանցվել է:

Պարզվել է, որ ռինովիրուսի ներդրումից 72 ժամ անց օրգանիզմի իմունային արձագանքը դրան հասել է առավելագույնին: Միևնույն ժամանակ, ակտիվացել են ISG գեները՝ կոդավորելով մոլեկուլները, որոնք արգելափակում են A գրիպը:

Արդյունքում, ռինովիրուսից հետո A գրիպի վիրուսով վարակված բջիջներում գրիպի վիրուսի վերարտադրությունը 15 անգամ ցածր է եղել, քան միայն գրիպի վիրուսով վարակված բջիջներում: Փորձի արդյունքները ցույց են տվել, որ ռինովիրուսով վարակման ժամանակ A գրիպի վիրուսի ճնշման մակարդակը նույնն է, ինչ ինտերֆերոնով բջիջները մշակելուց հետո:

Հեղինակները եզրակացնում են, որ ռինովիրուսային վարակը արգելափակում է A գրիպի վիրուսի տարածումը վերին շնչուղիների բջիջներում, և անհրաժեշտ է դա հաշվի առնել սեզոնային համաճարակների դեմ պայքարի բուժումը նշանակելիս և ռազմավարություններ մշակելիս: Նրանք նաև կարծում են, որ 2009 թ.-ին H1N1 գրիպի համաճարակը դադարեցվել է շնորհիվ ռինովիրուսային վարակի սեզոնային համաճարակի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ