Նախադիաբետով մարդկանց սննդի մեջ դարչին ավելացնելը կարող է օգնել բարելավել նրանց առողջությունը եւ իջեցնել գլյուկոզի մակարդակն արյան մեջ: Այս մասին հայտնում են Զոսլինի անվան դիաբետի հետազոտման կենտոնի մասնագետները:
Նրանք փորձարկում են անցկացրել 51 կամավորի մասնակցությամբ, որոնց կեսը երեք ամիս 500 միլիգրամ դարչինի էքստրակտ է օգտագործել, իսկ մնացածը` պլացեբո:
Գիտնականները հետեւել են, թե ինչպես է փոփոխվել ինսուլինի նկատմամբ զգայունությունը եւ արյան մեջ շաքարի մակարդակը բոլոր մասնակիցների մոտ: Գնահատվել է նաեւ կողմնակի ազդեցությունների ռիսկը դարչինի էքստրակտի մեծ չափաբաժինների օգտագործումից: Ինչպես պարզվել է, էքստրակտը կայունացրել է արյան գլյուկոզի մակարդակը եւ բարձրացրել է օրգանիզմի զգայունությունը ինսուլինի նկատմամբ: Կողմնակի լուրջ էֆեկտներ չեն արձանագրվել:
Մասնագետների կարծիքով` մետաբոլիկ սինդրոմը, որի ժամանակ օրգանիզմում առկա է շեղումների մի ամբողջ շարք, այդ թվում` շաքարի բարձր մակարդակ եւ ինսուլինի նկատմամբ զգայունության նվազում, կարող են զարգանալ քրոնիկ բորբոքման պատճառով: Այդ թվում` չափազանց բորբոքային պրոցեսները ճարպային հյուսվածքում:
Ճարպային հյուսվածքի արտադրած մոլեկուլները փոխում են լյարդի աշխատանքը` օրգանիզմին ստիպելով ճարպեր կուտակել եւ շաքար կուտակել արյան մեջ: Արդյունքում վտանգավոր շղթայական ռեակցիա է տեղի ունենում, որը կարող է շաքարախտի զարգացման հանգեցնել: Դարչինի էքստրակտը, իր ուժեղ հակաօքսիդիչ հատկությունների շնորհիվ, կարող է դադարեցնել այդ պաթոլոգիական գործընթացները: