Լավրովը Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Մոսկվայում բանակցություններ են կայացել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նրա գործընկեր Ջեյհուն Բայրամովի միջև։ TASS գործակալության փոխանցմամբ՝ Լավրովը հույս է հայտնել, որ ապագայում տեղի չեն ունենա այնպիսի միջադեպեր, այնպիսի բախումներ, ինչպիսին տեղի ունեցավ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին։
«Լեռնային Ղարաբաղի հարցում հարկավոր է առաջնորդվել այն որոշումներով, որոնք ընդունվել են միջազգային հանրության կողմից։ ԵԱՀԿ-ի շրջանակներում մշակվել է լուրջ բանակցային բազա։ Իհարկե, չէին խանգարի ավելի ինտենսիվ բանակցությունները, բայց առաջին հերթին այդ ծրագրերն իրականացնելու համար հարկավոր է կարգավորել իրավիճակն ընդհանուր առմամբ, այդ թվում՝ տարբեր միջադեպերի կանխարգելումը։ Մենք հույս ունենք, որ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսին, այլևս չի կրկնվի», – ասել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովը նշել է, որ ԵԱՀԿ համանախագահները ծրագրում են այցելել Բաքու և Երևան, ինչպես նաև կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների շփումները։
Խոսելով հակամարտության կարգավորման նորմատիվ բազայի մասին՝ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ գոյություն ունեն մի շարք փաստաթղթեր, որոնց տակ ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և համանախագահները՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների։

Այդ փաստաթղթերում, Լավրովի խոսքով, ամրագրված է կարգավորմանը համալիր մոտեցումը, որը պետք է հանգեցնի խնդրի վերջնական լուծման։ ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ ցավալի կլիներ կորցնել մշակված բազան։

«Այդպիսի փորձեր եղել են, այդ թվում՝ փորձեր փոխել բանակցող կողմերի կազմը, ինչն անընդունելի է համանախագահների համար», – ասել է Լավրովը։

Իր հերթին Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի նկատվում, և Բաքուն այս հարցում մեծ հույսեր է կապում Մոսկվայի ջանքերի հետ։

«Մենք հատուկ հույսեր ենք կապում, որ Ռուսաստանն ակտիվ դերակատարում կունենա հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Ցավով ստիպված եմ նշել, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի դիտվում», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ ասելով, թե Հայաստանը բռնազավթել է Ադրբեջանի տարածքի 20%-ը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ