Ինչպես պահպանել աղիների առողջությունը. խորհուրդներ բժիշկներից

Մարդու աղիների աշխատանքն ազդում է օրգանիզմի կարևորագույն համակարգերի աշխատանքի վրա, որոշում է դրա պաշտպանության մակարդակը և վերահսկում հոգեկան առողջությունը։ Աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարումները կարող են շատ լուրջ հետևանքներ ունենալ, սակայն կան շատ պարզ ու արդյունավետ խորհուրդներ, որոնց հետևելը կօգնի պահպանել աղիների աշխատանքն ու խուսափել մի շարք վտանգավոր խնդիրներից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Լավ ծամել մթերքը

Շատ բժիշկներ նշում են, որ աղիներ առողջությունն սկսվում է բերանի խոռոչում։ Մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս լավ ծամել սնունդը, քանի որ այն ինչպես հարկն է մանրացնելն ու թքով մշակելն օգնում է աղիներին ավելի լավ մարսել սնունդն ու միաժամանակ չծանրաբեռնվել։ Սա հատկապես կարևոր է մանրաթելերով հարուստ մթերքի, այդ թվում՝ ընկուզեղենի, տերևավոր բանջարեղենի, եգիպտացորենի գործածության դեպքում։

Շատ շարժվել

Ֆիզիկական ակտիվությունը խթանում է արյան հոսքը դեպի աղեստամոքսային տրակտ ու բարելավում է աղիների աշխատանքն ու մարսողությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կանոնավոր մարզվող մարդկանց աղիներն ավելի լավ են կատարում իրենց գործառույթներն ու ավելի առողջ են։ Ընդ որում՝ օրական ընդամենը կես ժամ մարզվելն անգամ կարող է շատ օգտակար լինել։

Խուսափել հակաբիոտիկներից

Հակաբիոտիկների չարաշահումը կամ սխալ գործածությունը կարող է շատ վտանգավոր լինել։ Բանն այն է, որ դրանք ոչնչացնում են ոչ միայն ախտածին միկրոօրգանիզմները, այլև աղիների օգտակար բակտերիաները։ Սա է պատճառը, որ հակաբիոտիկների ընդունումը շատ հաճախ է ուղեկցվում փորլուծությամբ։

Հնարավորինս քիչ օգտագործել ցավազրկող դեղամիջոցներ 

Ասպիրինի, իբուպրոֆենի և ցավազրկող ազդեցությամբ օժտված այլ դեղորայքի հաճախակի ընդունումը վնասում է ոչ միայն ստամոքսը, այլև աղիների լորձաթաղանթը։ Սա կարող է դառնալ սրտխառնոցի ու գազերի կուտակման պատճառ, իսկ առավել լուրջ դեպքերում կհանգեցնի արյունահոսությունների։

Ժամանակին դատարկել աղիները

Աղիները ժամանակին չդատարկելն ու դեֆեկացիան զսպելը կարող է հանգեցնել փորկապության զարգացման։ Բանն այն է, որ եթե կղանքը նորմայից երկար է մնում աղիներում, այն ավելի ու ավելի շատ հեղուկ է կորցնում ու պնդանում է՝ վերածվելով վտանգավոր տոքսիկ նյութերի աղբյուրի և դառնալով փորկապության պատճառ։

Ուտել դառը բույսեր

Մաղադանոսը, եղերդակը, ռուկոլան, հազրեվարդը, ռեհանն ու նմանատիպ այլ բույսերը պարունակում են դառնանյութեր, որոնք առողջացնում են աղիները։ Այս միացությունները խթանում են մարսողական հյութի արտադրությունն ու ակտիվացնում են աղիների մկանային գործունեությունը։

Օգտագործել բնական պրոբիոտիկներ

Աղիների առողջացման համար մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել կաթնաթթվային բակտերիաներ՝ լակտոբացիլներ ու էնտերոկոկեր, որոնք պարունակվում են սննդամթերքի այնպիսի տեսակներում, ինչպիսին են յոգուրտը, կեֆիրն ու թթու կաղամբը։

Նախապատվությունը տալ բնական ու վերամշակում չանցած մթերքին

Պատրաստի մթերքը պարունակում է մեծ քանակությամբ տարատեսակ հավելումներ, այդ թվում՝ համի ուժեղացուցիչներ, պահածոյացնող նյութեր ու թանձրացուցիչներ, որոնք վտանգավոր են աղիների միկրոֆլորայի համար և հանգեցնում են օգտակար բակտերիաների ոչնչացման։ Բացի այդ, նման մթերքը չի պարունակում բավարար քանակությամբ վիտամիններ ու հանքանյութեր, որոնք հարկավոր են մարսողական տրակտի լիարժեք աշխատանքի համար։

Պարբերաբար բուժզննում անցնել

Պարբերաբար բուժզննում անցնելը թույլ կտա ժամանակին նկատել խնդիրները։ Մասնագետները խորհուրդ են տալիս 50 տարեկանից բարձր տղամարդկանց ու 55 տարեկանից բարձր կանանց յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ կոլոնոսկոպիկ հետազոտություն անցնել։ Նման բուժզննումը թույլ կտա հայտնաբերել ու հեռացնել աղիների բարորակ պոլիպները, որոնք կարող են ժամանակի ընթացքում չարորականալ ու վերածվել քաղցկեղի։ Ընդ որում՝ ընտանեկան անամնեզում հաստ աղիքի քաղցկեղի դեպքերի առկայության դեպքում առաջին բուժզննումը հարկավոր է ավելի վաղ տարիքում անցնել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ