Վարակաբանը նշել է COVID-19-ի ծանր ձեւի նշանները

Կան մի քանի նշաններ, որոնք ցույց են տալիս COVID-19 կորոնավիրուսի վարակի ավելի ծանր ձեւը: Այս մասին Express- ի հետ զրույցում պատմել է Լոնդոնի առաջատար հիվանդանոցում վարակիչ հիվանդությունների կլինիկական ղեկավար Քերոլին Հեմսլին:

Նրա խոսքով՝ բոլոր մարդիկ կորոնավիրուսի վարակը տարբեր կերպ են տանում՝ ոմանք ոչ մի ախտանիշ չեն ունենում, ոմանց էլ վերակենդանացման բաժանմունքում է բուժում պահանջվում։

«COVID-19-ի ամենամեծ սպառնալիքներից մեկը դրա հետեւանքների անկանխատեսելիությունն է: Որոշ մարդիկ անախտանիշ են հիվանդանում, իսկ մյուսները ենթարկվում են ճգնաժամի, որից նրանք երբեք չեն կարող վերականգնվել: Այս ծայրահեղությունների մեջտեղում է գտնվում կորոնավիրուսի վարակի նշանների հիմնական միջակայքը»,- ասել է մասնագետը:

Նրա խոսքով՝ COVID-19-ի ամենատարածված ազդանշանները այն ախտանիշներ են, որոնք գրիպ են հիշեցնում.

  • տենդ,
  • մկանային ցավ
  • գլխացավ,
  • հոգնածություն:

Շատ մարդկանց մոտ նաեւ նկատվում են շնչառական վարակների դասական նշաններ.

  • չոր հազ,
  • շնչառության հետ կապված խնդիրներ,
  • կոկորդի ցավ,
  • քթի փակվել:

«Մենք այժմ գիտենք նաեւ, որ COVID-19-ի մյուս նշանները կարող են լինել հոտի եւ համի կորուստն ու աղեստամոքսային տրակտի խանգարումները: Միաժամանակ, նոր վիրուսով վարակված մեծ թվով մարդկանց մոտ այս ախտանիշները չեն դիտարկվում»,- ասել է դոկտոր Հեմսլին:

Վարակաբանը նաեւ բացատրել է, որ թվարկված նշանները մտահոգության առիթ չեն հանդիսանում՝ դրանք վկայում են կորոնավիրուսի վարակի բավականին մեղմ ձեւի մասին:

Բայց կան մի քանի նշաններ, որոնք մատնանշում են հիվանդության ավելի ծանր ձեւը.

  • շնչարգելություն,
  • անընդհատ տենդ,
  • ցավ կրծքավանդակում,
  • գիտակցության մեջ խառնաշփոթ.

«Եթե դուք չեք կարող նախադասությունն ավարտել առանց շնչարգելության, կամ ձեր շնչառությունը հաճախանում է ֆիզիկական ուժի բացակայության պայմաններում, կամ ձեր սովորական ամենօրյա գործողությունները կատարելիս շնչարգելություն եք զգում, ապա անպայման պետք է դիմել բժշկական օգնության»,- խորհուրդ է տվել մասնագետը:

Ախտանիշների սրման արագությունը նույնպես կարող է վկայել ռեակցիայի լրջության մասին: Մասնագետի խոսքով՝ սովորաբար հիվանդության ծանր ձեւի ախտանիշները վատթարանում են մեկ շաբաթ անց, երբ օրգանիզմը ցուցաբերում է ուժեղացված իմունային պատասխան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ