Շատերին է հայտնի, որ մարդու առողջական վիճակը շատ դեպքերում կախված է լինում նրա սննդակարգից, ուստի առողջ կենսակերպ վարելն եւ վնասակար մթերքից խուսափելը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, սակայն այնուամենայնիվ ոչ բոլորն են հետևում այս խորհուրդներին` շարունակելով օգտագործել սննդամթերքի տեսակներ, որոնք բարձրացնում են առողջական մի շարք խնդիրների զարգացման հավանականությունը։
Տեխասի բժշկական կենտրոնի գիտնականների խոսքով` գոյություն ունեն սննդամթերքի որոշակի տեսակներ, որոնք առավել վնասակար են օրգանիզմի համար և կարող են առողջական մի շարք խնդիրների պատճառ դառնալ։ Մասնագետները ներկայացրել են դրանցից երեքը, որոնց չարաշահումը կարող է հանգեցնել արյան թանձրացման ու արյունատար անոթների խցանման։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է բացառել դրանք սննդակարգից կամ օգտագործել խիստ հազվադեպ։
Նման վնասակար մթերք է համարվում կարտոֆիլը, որը պարունակում է հսկայական քանակությամբ օսլա ու նպաստում է արյան թանձրացմանը։ Սրտանոթային համակարգի առողջության պահպանման համար խորհուրդ է տրվում հրաժարվել կարտոֆիլի գործածությունից։ Եթե այս մթերքից հրաժարվել չի հաջողվում, ապա հարկավոր է օգտագործել այն խիստ հազվադեպ և միայն ջեռոցում պատրաստված կամ խաշած վիճակում։ Բացի այդ, հարկավոր է հրաժարվել նաև տարատեսակ սոուսներից ու յուղերից, որոնք սովորաբար մատուցվում են կարտոֆիլով ուտեստների հետ։
Անոթների վրա խիստ բացասաբար են անդրադառնում նաև երշիկեղենն ու նրբերշիկները, ինչպես նաև տարատեսակ մսային կիսաֆաբրիկատներն ու ապխտած մթերքը։ Բանն այն է, որ նման մթերքը, որպես կանոն, պարունակում է մեծ քանակությամբ աղ, որը հանգեցնում է օրգանիզմում հեղուկի կուտակման և թույլ չի տալիս, որ արյունատար համակարգն ազատվի կուտակված շլակներից։
Սրտանոթային համակարգի համար առավել վնասակար սննդամթերքի տեսակների եռյակը եզրափակում է շաքարը։ Մասնագետների խոսքով` օրգանիզմում գլյուկոզայի ավելցուկը ոչ միայն աղտոտում է արյունը, այլև նպաստում է ճարպակալման ու շաքարային դիաբետի զարգացմանը։ Շաքարն ածխաջրերի հարուստ աղբյուր է, սակայն մասնագետները նշում են, որ օրգանիզմին անհրաժեշտ ածխաջրերը մարդը կարող է ստանալ նաև ոչ քաղցր մթերքից, ինչը կլինի շատ ավելի օգտակար։