Զարնի-Պարնի՝ պատմական բացահայտումների նոր գոտի Հաղպատում

Նախկինում անմատչելի միջնադարյան այս ամրոցը պատմաբանների կամ հուշարձանագետների համար վաղուց արդեն նոր ասելիք չէ, բայց Զարնի-Պարնին այսօր նորովի է ներկայանում. այցելուները կարող են ամրոցից բացվող հրաշք տեսարանը վայելել, գինի խմել, շախմատ խաղալ, նետաձգությամբ զբաղվել։
Զարնի-Պարնի, միջնադարյան քարայրաամրոցային համալիր, կառուցվել է 10-12-րդ դարերում։ Գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում։

2016-2019 թվականներին Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ այս միջնադարյան քարայրաամրոցային համալիրը վերականգնվել է և նոր շունչ ստացել։

Զարնի-Պարնի հուշարձանը բաղկացած է «Զարնի էր», «Պարնի էր» եւ «Ծակ էր» քարանձավներից։ Ամրոցի ստորին մասում՝ «Զարնի էր» քարանձավում, բնությանը համահունչ պատմամշակութային միջավայր է ստեղծված։ Այստեղ կարելի է նստել, հանգստանալ, լսել բնության ձայները։

«Քարանձավի ներսում փոքրիկ ջրավազաններ ենք սարքել, որտեղ լցվում, հավաքվում են անդադար կաթացող ջրերը։ Այդ ջուրը նախ տարել ենք փորձաքննության։ Լաբորատորիայում զարմացել էին՝ տեսնելով, որ այն չափազանց մաքուր է։ Տեղաբնակները (Հաղպատի բնակիչները) պատմում են, որ այն որպես բուժիչ ջուր է հայտնի։ Հիմա քարից տարաներ ենք դրել, դրանց կողքին՝ բաժակներ, որպեսզի ցանկացողները կարողանան խմել»,- կատարված աշխատանքներն է ներկայացնում տնօրենը։

Քարանձավի ներսում նաեւ գետնափոր կրակատեղի կա, որի շուրջ կոճղեր են դրված՝ կրակի մոտ երեկոներ անցկացնել ցանկացողների համար։

Բայց ամենահետաքրքիրն ու դիտարժանն այստեղ Լոռիի կենցաղն ու մշակույթը ներկայացնող հազվագյուտ իրերն են՝ արոր, լուծ, զնդան, կամ, երկանք, կժեր, տաշտեր ու տնտեսության մեջ օգտագործված զանազան առարկաներ ու նաեւ՝ թրեր։

Ռուբեն Մեսրոբյանն այստեղ է տեղափոխել հին իրերի իր անձնական հավաքածուն, որը տարիների ընթացքում համալրել, հարստացրել է բացառապես տեղի կենցաղավարության նմուշներով։ Հավաքածուին ծանոթ հնէաբաններն ու պատմաբանները փաստել են, որ այստեղ գտնվող իրերից շատերը հազվագյուտ են իրենց հնությամբ։

Վճարովի է միայն «Զարնի էր» քարանձավի մուտքը՝ 1000 դրամ։ Տնօրենի խոսքով՝ այս գումարով հնարավոր կլինի հոգալ պահպանության ծախսերը։

Ամրոցի առավել բարձրադիր հատվածը «Պարնի էր»-ն է, որտեղ հասնելու համար աստիճաններ են կառուցվել։ Իսկ ներսում կրկին բարձրանալ է պետք՝ ամրոցի ամենաբարձր կետին հասնելու եւ բնության ու պատմական միջավայրի ներդաշնակությունը լիարժեք վայելելու համար։

Ուշագրավ է նաեւ ամրոցի 3-րդ մասը՝ «Ծակ էր» քարանձավը, որտեղ, համաձայն մի հիշատակության, 11-12-րդ դդ ճգնել է հայ մատենագիր Հովհաննես Իմաստասերը։ Այս ամրոցը ապահով վայր է եղել նաեւ Հաղպատավանքի գրքերի համար, որոնք այստեղ թաքցնելով՝ հնարավոր է եղել փրկել ոչնչացումից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ