Բեյրութում հզոր պայթյունի գործով ռուս գործարար է հարցաքննվել. նրան պատկանում էր պայթյունի պատճառ դարձած 2750 տոննա ամոնիումի նիտրատը

Ռուս գործարար Իգոր Գրեչուշկինը, որին պատկանած ահռելի քանակությամբ ամոնիումի նիտրատի պայթյունի հետևանքով Բեյրութում ավելի քան 150 մարդ է զոհվել, հարցաքննվել է Կիպրոսի ոստիկանության կողմից, հայտնում է Daily Mail-ը:

Պարբերականը մանրամասնում է, որ գործարարը հարցաքննվել է Լիբանանի իշխանությունների խնդրանքով, սակայն նրան դժվար թե որևէ մեղադրանք առաջադրվի:

Հայտնի է, որ 2750 տոննա ամոնիումի նիտրատը Գրեչուշկինին պատկանող Rhosus նավից առգրավվել էր 2014թ.: Ռումբերի պատրաստման համար օգտագործվող քիմիական նյութը վերջին վեց տարում պահվել է Բեյրութի նավահանգստի պահեստում, սակայն անվտանգության միջոցառումներն ըստ հավուր պատշաճի չեն պահպանվել:

Կիպրոսի ոստիկանության խոսնակի փոխանցմամբ՝ պայթունավտանգ նյութի պահպանման համար պատասխանատու էին Լիբանանի իշխանություններն ու Գրեչուշկինը որևէ հանցանքի համար չի կասկածվում: Նրա խոսքով՝ ռուս գործարարի հարցաքննությունը տևել է մի քանի ժամ: Հարցերն ուղարկել են Լիբանանի իշխանությունները, որոնք ցանկանում էին Գրեչուշկինից պատասխաններ ստանալ:

Աղբյուրը մանրամասնում է, որ Գրեչուշկինի նավը, ամոնիումի նիտրատով բեռնված, 2013թ. սեպտեմբերին դուրս է եկել Վրաստանից՝ ուղղություն վերցնելով դեպի Մոզամբիկ: Սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այն կանգ է առել Բեյրութի նավահանգստում, ինչից հետո լիբանանյան իշխանությունները նավին թույլ չեն տվել շարունակել ուղևորությունը՝ նշելով, որ դա ռիսկային է:

Գրեչուշկինն ի վիճակի չի եղել վճարել նավահանգստում մնալու դիմաց սահմանված վարձավճարը. նա իրեն սնանկ է հայտարարել ու լքել նավը՝ բեռով ու անձնակազմով հանդերձ: Նավապետն ու անձնակազմի երեք անդամ ստիպված են եղել մոտ մեկ տարի մնալ նավի վրա, մինչև որ պարտքը վճարվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ