Հայտնի է՝ երբ Ռուսաստանում կգրանցվի Covid-19-ի դեմ առաջին պատվաստանյութը

ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը կգրանցեն 10 օրվա ընթացքում: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Россия 24 հեռուստաընկերության եթերում ասել է «Ուղղակի ներդրումների հիմնադրամի» ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

«Անշուշտ, առողջապահության նախարարության կողմից բոլոր ընթացակարգերը կպահպանվեն: Նրանք արդեն ստացել են փորձարկման և՛ առաջին, և՛ երկրորդ փուլի առաջին արդյունքները և տեսնում են, որ արդյունքները շատ լավն են», – ասել է Դմիտրիևը:

Եթե ակնկալվող ժամանակահատվածում փորձաքննությունն անցկացվի, ապա աշխարհում առաջին պատվաստանյութը կլինի ռուսական: Դրա արտադրությունը կիրականացնեն Alium և P-Фарм ընկերությունները:

Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել էր, որ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության հետազոտական կենտրոնի կողմից մշակված պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն ավարտվել են:

Նա հայտնել էր, որ առաջին զանգվածային պատվաստումները կսկսվեն հոկտեմբերին՝ առաջնություն տալով հատուկ խմբերի ներկայացուցիչներին, մասնավորապես՝ բժիշկներին և ուսուցիչներին: Մասնագետները պատվաստանյութը մշակել են Պաշտպանության նախարարության հետ համատեղ:

Հուլիսի վերջին զինվորական հոսպիտալից դուրս է գրվել 20 կամավորներից բաղկացած երկրորդ խումբը: Նրանցից յուրաքանչյուրի մոտ առաջացել է իմունային արձագանք, կողմնակի ազդեցություններ և բարդություններ չեն արձանագրվել:

Պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ է սկսել իրականացնել նաև «Վեկտոր» կենտրոնը, որը մտադիր է պատվաստանյութի արտադրությունը սկսել նոյեմբերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ