Կորոնավիրուսի հրաշքը. կեսդարյա բաժանումից հետո քույրերը գտել են միմյանց

Ամերիկյան Նեբրասկա նահանգում քույրերը միմյանց գտել են շնորհիվ կորոնավիրուսի։ ՌԻԱ Նովոստին, հղում անելով UPI-ին, գրում է, որ քույրերը ճակատագրի բերումով ավելի քան հիսուն տարի միմյանց չեն տեսել։ 73-ամյա Դորիս Կրիպենը կորոնավիրուսով հիվանդացել էր մայիսին։ Նա մտածել էր, թե սովորական գրիպ է, հետևաբար հենց սկզբում բուժօգնության չէր դիմել։ Սակայն օրգանիզմն այնքան էր թուլացել, որ Կրիպենն ընկել ու կոտրել էր ձեռքը։ Արդեն հիվանդանոցում նրա մոտ COVID-19 էր հաստատվել։ Կինը հիվանդանոցում մոտ 30 օր է անցկացրել։

Արդեն դուրս գրվելուց հետո նա դիմել էր Ֆրեմոնտ քաղաքում գտնվող վերականգնողական կենտրոն, որտեղ ավելի քան 20 տարի աշխատում է նրա քույրը՝ 53-ամյա Բև Բորոն։ Անշուշտ, Կրիպենն այդ մասին ոչինչ չգիտեր։ Երբ Բորոն հիվանդների ցուցակում տեսել էր Կրիպեն ազգանունը, միանգամից կասկածել էր, որ դա կարող է իր քույրը լինել։

Բորոն անմիջապես շտապել էր հանդիպել Կրիպենին, հարցնել հայրանունը։ Պարզվել է՝ կանայք նույն հոր զավակներն են։ Ի դեպ, Կրիպենը երկար տարիներ փնտրել է կորած քրոջը, բայց ապարդյուն։ Իսկ կորոնավիրուսն ու դրա հետևանքներն, ի վերջո, քույրերի վերամիավորման պատճառ են դարձել։

Պարբերականի տեղեկություններով՝ քույրերը սերում են նույն հորից, բայց տարբեր մայրերից։ Կրիպենին դաստիարակել է հարազատ մայրը, իսկ Բորոյին որդեգրման են հանձնել, երբ ընդամենը վեց ամսական էր։ Նշվում է, որ կանայք այլ եղբայրներ և քույրեր էլ ունեն. Բորոյին հաջողվել է գտնել նրանց մեծ մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ