Ծանոթության նպատակով տղամարդը ծակել է կանանց մեքենաների անիվները

Ճապոնական Միյոսի քաղաքի բնակիչ Յոսիտո Հարադան ծակել է այն ավտոմեքենաների անիվները, որոնց ղեկին կանայք են եղել: Այդպես ճապոնացին փորձել է ծանոթանալ նրանց հետ: Գրում է South China Morning Post-ը:

32-ամյա տղամարդուն ձերբակալել են իրավապահներն այն բանից հետո, երբ նրանց դիմել է 43-ամյա մի կին:

Նա, դուրս գալով սուպերմարկետից, տեսել է, որ իր մեքենայի անիվն իջել է: Այդ պահին նրան է մոտեցել մի անծանոթ ու առաջարկել իր օգնությունը:

Կինն անմիջապես հիշել է, որ նման միջադեպ իր հետ տեղի էր ունեցել մեկ տարի առաջ: Նա, իհարկե, չի հիշել տղամարդու դեմքը, բայց եղածը տարօրինակ համարելով՝ անմիջապես զանգահարել է ոստիկանություն:

Իրավապահները ստուգել են սուպերմարկետի մոտ տեղադրված տեսահսկման սարքերի տեսագրությունները և արձանագրել, որ տղամարդը միտումնավոր վնասել է կնոջ մեքենայի անիվը:

Ի վերջո տղամարդը խոստովանել է, որ նման միջոցի է դիմել կանանց հետ ծանոթանալու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ