Իմ զավակի մանկությունը պղտորողների ու հարամողների պատիժը ինքս եմ սահմանելու, եթե օրենքով ու հրապարակային պատիժը ուշանա

Լուսինե Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Որպես ՀՀ հպարտ, ունեզրկված, չկոտրված, հավատը չկորցրած, սակայն ամեն ինչից հիասթափված ու նորովի պայքար սկսող քաղաքացի՝ հայտարարում եմ, որ բնակարանս վերադարձնելու և արդարությունը վերականգնելուն, այսքան տառապանքի ու վիրավորանքներիս հեղինակներին պատժելուն ուղղված քայլերս լինելու են նույնչափ անմարդկային ու դաժան, որչափ վարվել են ինձ հետ շուրջ 6 տարի: Այսուհետ չեմ պատրաստվում լռելյայն հանդուրժել անտառաճանաչ, ծախու, հանցագործների զանգերով կառավարվող, ղումարբազ-հովանավորների օրենքներով առաջնորդվող հետաքննիչներին, քննիչներին, դատավորներին, դատախազներին, ոստիկան կոչվածներին:

Պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, Հայաստանը իրավական երկիր չի դառնա, քանի դեռ անպատիժ է առաջին ատյանի դատարանից վերաքննիչ դատարան սահուն անցում կատարած դատավոր Նորա Կարապետյանը, որի կայացրած որոշումները նույնքան սանձարձակ են, որքան իր վարած նիստերը՝ հիստերիկ աղմուկով, մուրճով սեղանը կոտրելով ու մեկ նախադասության համար տուգանքներ սահմանելով՝ ընդգծված ցինիզմով ու կողմնակալությամբ՝ կվկայեն Нина Карапетянц-ն ու Анушаван Никогосян-ը, տեսաձայնագրություններս, քանի դեռ ունենք Ավագ Գաբրիելյան կոչված դատավոր, որ առաջին դատական նիստի ընթացքում ընդգծված հեգնանքով հարցրեց՝ տունը ինչու՞ ես ուզում վերադարձնել, ինչի՞դ է պետք, ջահել, խելացի, սիրուն կին ես, կաշխատես, նորը կստեղծես, փախիր տնից, չգիտես, թե Գուրգենը (փաստաբան) ինչ կհանի գլխիդ (ունեմ ձայնագրությունը), փաստորեն՝ իրավացի էր, ի դեպ, մինչ նիստը սկսելը ջերմ զրույցի մեջ էր խեղկատակ, երեխայի վրա դուռ կոտրող, 1.5 տարի սպառնալիքների ու սարսափների մեջ մեզ պահող, հանցագործների պաշտպան, ճիզվիտ Գուրգեն Թորոսյանի հետ, քանի դեռ ոստիկանության Մալաթիայի բաժնում վխտում են Գուրգեն Թորոսյանի ու կռված տղա ներկայացող, սակայն իր ազգի կնոջ ու անչափահաս երեխայի դեմ անթիվ դիվերսիաների կազմակերպիչ, տուն խլող Տիգրան Բաբայանի ապօրինությունները ի կատար ածող բաժնի պետերը՝ նախկին ու ներկա՝ կամազուրկ ու թերուս հետաքննիչներով՝ Հայկ Համբարձումյան, Արմինե Ասրյան. վերջինիս տված որոշման մեջ Գուրգեն Թորոսյան-խեղկատակի մտերիմ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության բարձրաստիճան պաշտոնյա (անուն-ազգանունը կհրապարակեմ ավելի ուշ, որովհետև սպասում եմ, որ Մալաթիայի բաժնի կատարածուները նշեն՝ ում հրամանն էին կատարում), որի ղեկավարությամբ ու ոստիկանության Մալաթիայի բաժնի մի քանի տասնյակ հանցագործ ոստիկանների ակտիվ մասնակցությամբ՝ 2019 թ-ի սեպտեմբերի 27-ին բնակարանիս դուռը կոտրելու սարսափ օպերացիան որակված էր որպես իմ կողմից սուտ, հորինվածք և վառ երևակայություն, իսկ այդ օրվա սարսափը փաստող տեսագրությունների մասին հարցիս բաժնի նորանշանակ պետ Իգոր Մեսրոպյանից ստացա հետևյալ պատասխանը՝ սպառնու՞մ ես, քանի դեռ ունենք կացնով դուռ կոտրողին ու մահվան սպառնալիք հնչեցնողին փայփայող ոստիկաններ, որ հանցագործին պատժելու փոխարեն կարողանում են վնգստալ՝ նաղդի հլը չի սպանել, կսպանի, նոր կխառնվես իրար, քանի դեռ տռզած դատախազների կամակատար քննիչներ Արման Երիցյանը, Գոհար Սարգսյանը, Հարություն Խեդոյանը, Վահագ Սիմոնյանը և այլոք շարունակում են իրենց սրընթաց վերելքը տարբեր պաշտոններում. զարմանալի զուգադիպությամբ իմ գործով իրենց ակտիվ մասնակցությունն ունեցածները անհապաղ բարձր պաշտոնների են նշանակվել՝ քննչական բաժնի պետից մինչև ԱԱԾ և այլն:

Սա անձնական վրեժխնդրություն չէ՝ ահազանգ է այս դժվարին ու բախտորոշ իրավիճակում՝ շուտափույթ մաքրում սկսել դատաիրավական համակարգում, ազատել և փրկել ՀՀ ոստիկանի պատիվն ու ուսադիրները՝ ի դեմս ոստիկանության Մալաթիայի բաժնի անթիվ աշխատակիցների, որոնց նմանների անպատժելիությունը կործանարար է լինելու մեր երկրի համար, իսկ մեր՝ արդարությունը վերականգնելուն ուղղված ջանքերը՝ ապարդյուն:

Շարքը շարունակելի է, պայքարս՝ նույնպես, և եթե գրառումներս սահմանափակվելու են ընդամենը ֆեյսբուքյան պատին հիշողություն դառնալով, ապա հիշեցնեմ՝ վերը նշվածները շարունակելու են իրենց «հաղթարշավը»՝ ավելի մոլեգին ու կատաղի, ինչպես՝ իմ դեպքում էր, իսկ փաստաբան Գուրգեն Թորոսյանը, որ հրաշալի տիրապետում է բոլոր ստոր հնարքներին՝ մեկ ուրիշի դռների մոտ է վնգստալու՝ ու՞ր են քո պատշպանած իշխանությունները, ինչու՞ կողքիդ չեն, թող պաշտպանեն քեզ, որ իր համար դատարանների ու օրենքի թղթերը ոչինչ են, ինքը իր պայմաններն ունի, որ օրենքից էլ զորեղ են. իսկ ու՞մ թևի տակ ու հովանավորչությամբ են աճում նման խեղկատակները՝ դժվար չէ պարզել:

Հ. Գ. Պետք չէ զարմանալ աստղաբաշխական թվերով գրավների ու կարողությունների վրա. տասնամյակներով մեր նմաններին են ունեզրկել, մեր տեսակին են պատժել ու մնացել անպատիժ, մենք տուժել ենք լռելու համար, իսկ այժմ բարձրաձայնում ենք՝ սպասելով արդար դատաստանի: Իմ զավակի մանկությունը պղտորողների ու հարամողների պատիժը ինքս եմ սահմանելու, եթե օրենքով ու հրապարակային պատիժը ուշանա, որովհետև ծնողական օրենքները վեր են ամեն ինչից, իսկ իմ կրած տառապանքների մասին դեռ կխոսեմ, առայժմ՝ այսքանը…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ