Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ԱԺ-ի ծեծկռտուքի տեսանյութը

Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Ազգային Ժողովում առավոտյան տեղի ունեցած ծեծկռտուքը: Այս մասին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ առաջիկայում տեղեկատվություն կտրամադրեն:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի սուր ելույթի ընթացքում տեղից միջամտեց Սասուն Միքայելյանը՝ ասելով՝ «հոպար, կցխեմ», ապա ցանկացավ շշով հարվածել, որը նրա սեղանից հեռացրեց կողքին նստած Անդրանիկ Քոչարյանը։

Դրանից հետո Միքայելյանը մոտեցավ ամբիոնին և հարվածեց ամբիոնից իջած Մարուքյանին։

«Իմ քայլից» իրենց գործընկերոջը միացան նաև Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը, որոնք նույնպես հարվածեցին Էդմոն Մարուքյանին, ապա ծեծկռտուքին միջամտեցին տասնյակ այլ պատգամավորներ։

Ի դեպ, այս ամենը տեղի էր ունենում դահլիճում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության մյուս անդամների ներկայությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ