Սերգեյ Դանիելյանը «Բոլոլա» է արել Երևանի կամերային թատրոնում

«Բոլոլա»` այսպես է կոչվում դերասան, հաղորդավար Սերգեյ Դանիելյանի նոր սթենդ-ափ ներկայացումը, որի պրեմիերան երեկ էր՝ Երեւանի կամերային թատրոնում:

Դերասանն, իհարկե, հավատարիմ էր մնացել հումորային ժանրին, եւ թեմաներն էլ, ինչպես նախորդ ներկայացումների դեպքում, միայն քաղաքական չէին:

BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել առաջնախաղին, լուսանկարել է ներկայացման ընթացքը եւ վերջում, երբ հանդիսատեսը շտապում էր ետնաբեմում շնորհավորել Սերգեյ Դանիելյանին, հասցրել է զրուցել նրա հետ:

Սերգեյ Դանիելյանի «Բոլոլա» ներկայացման պրեմիերային

Ներկայացման անվանումը՝ «Բոլոլա»-ն, շատերին հուշում էր, որ դերասանի խոսքում գերակշռելու են քաղաքական թեմաները: Սակայն նա հենց սկզբում շտապեց բոլորին «հիասթափեցնել»` ասելով, որ թեեւ բոլոլան քաղաքականացված տերմին է, բայց խոսելու է ամենատարբեր թեմաների շուրջ.«Այսօր կխոսենք իմ մասին: Ես շատ եսակենտրոն մարդ եմ, էգոիստ եւ իմ բոլոր ներկայացումներում միշտ խոսում եմ իմ մասին»,- կատակեց նա: Սերգեյ Դանիելյանն անդրադարձավ հայ ընտանիքին, կին-տղամարդ հարաբերություններին, նրանց տարբերություններին, խոսեց հայ մայրերից, երեխաներից, եւ վերջում, իհարկե, հերթը քաղաքականությանն էր ու Հայաստանի մասին անկեղծ խոստովանությանը:

Մոտ մեկուկես ժամ տեւողությամբ ինտերակտիվ շոուն, կարելի է ասել, զրույց է հանդիսատեսի հետ: Վերջինս մեծ մասամբ արդեն ծանոթ է դերասանի ոճին, եւ հենց դրա շնորհիվ էլ հումորները հասկանալի էին ներկաներից շատերին, ծիծաղն էլ անպակաս էր նրանց շարքերից: Հեղինակը կիսվում էր իր անձնական զվարճալի պատմություններով, անկեղծ մտորումներով, հանդիսատեսն էլ իր համաձայնությունն արտահայտում էր ծափահարություններով: Իսկ նրանք, ովքեր տեղ-տեղ համաձայն չէին նրա հետ, ներկայացման ավարտին դերասանի կողմից կազմակերպված հյուրասիրության սեղանի շուրջ կիսվում էին իրենց կարծիքներով:

Մեզ հետ զրույցում Սերգեյ Դանիելյանը նշեց, որ ներկայացման բոլոր թեմաներին ինքը միշտ անդրադառնում է, պարզապես ասելիքն է փոխվում ամեն անգամ.«Իմ սթենդ-ափ շոուներից հերթականն էր: Մոտ երկու տարի նոր բան չէի գրել, վերջապես գրեցի: Նրանք, ովքեր եղել են իմ նախորդ ներկայացումներին, արդեն գիտեն, թե ինչ թեմաների եմ անդրադառնում, ճանաչում են ինձ, ես էլ այս տասը տարիների ընթացքում վերջապես հասկացել եմ, թե ով է իմ հանդիսատեսը»,- խոստովանեց նա:

Ի դեպ, այս անգամ Սերգեյ Դանիելյանը «Բոլոլա» ներկայացմամբ հանդես է գալու նաեւ Միացյալ Նահանգներում: Փետրվարի 15-ին եւ 21-ին նա իր նոր շոուով կներկայանա Լոս Անջելեսում: Դերասանից հետաքրքրվեցինք՝ արդյոք թեմաների փոփոխություն լինելու է այդ ներկայացումների ժամանակ, նա նշեց, որ չի հասցնի մինչ այդ նոր փոփոխություններ կատարել: Հայաստանում նույնպես Սերգեյ Դանիելյանը կշարունակի հանդես գալ «Բոլոլա» ներկայացմամբ.«Իհարկե, ամեն օր մի բան փոխվում է: Քաղաքականությունն է, որ փոխվում է, իսկ մյուս թեմաները, որոնց մասին խոսեցի, շատ արդիական են միշտ: Քաղաքականությունը թերթի նման է. օգտագործում ես ու գցում…»,- եզրափակեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ