«Շուտով աշխարհին նոր անակնկալ կմատուցենք». Աննա Հակոբյան

, «Իմ քայլը» եւ «City of Smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն սկսվել է դեկտեմբերի 12-ին Ժնեւի Սուրբ Հակոբ եկեղեցի այցելությամբ, որին հաջորդել է Ժնեւի հայկական կենտրոնում նրա հանդիպումը հայ համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա էր «Ֆրանկ մյուլլեր» գործարանի սեփականատեր Վարդան Սրմաքեշը, Ժնեւի Վեբստերի համալսարանի դասախոս Ռուբեն Ինջիկյանը, պատմաբան Վիգեն Չըթրյան եւ համայնքի այլ հայտնի հասարական մշակութային գործիչներ:

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանն անդրադարձել է գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը, Հայաստանում ստեղծված նոր իրականությանը, ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի նպատակն ու գործունեությունը:

«Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ մենք մեր խնդիրները կլուծենք նույնքան հաջող՝ սիրո եւ համերաշխության մթնոլորտում: Ես հիմա հյուր եմ եկել մի երկիր, որն աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկն է, որտեղ գրեթե չկան աղքատներ կամ գործազուրկներ, որտեղ ամեն ինչ փայլում է, եւ բոլոր պայմանները կան երջանիկ ապրելու համար: Եվ ես ճանապարհին երկնքից այս չքնաղ վայրը դիտելիս մտածում էի՝ իսկ ինչո՞ւ չի կարող Հայաստանը լինել այսպիսին»,- ասել է Աննա Հակոբյանը՝ վստահություն հայտնելով, որ զարգացած ու բարեկեցիկ երկիր ունենալու հեռանկարին թավշյա հեղափոխությունից հետո բոլորն են հավատում, այդ թվում՝ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները։

«Իսկ հավատն ամենակարեւորն է: Մնացածն, ինչպես ասում են տեխնիկական հարց է՝ օր ու գիշեր քրտնաջան աշխատանք՝ յուրաքանչյուրն իր տեղում եւ իր չափով, աշխարհասփյուռ հայության ջանքերի մեկտեղում, շատ սեր իրար հանդեպ, մեր դրախտային երկրի հանդեպ, եւ մենք շատ շուտով աշխարհին նոր անակնկալ կմատուցենք, կզարմացնենք այնպես, ինչպես զարմացրեցինք մարդկության պատմության մեջ թերեւս ամենաբարի եւ սիրառատ մեր հեղափոխությամբ»,- ավելացրել է Հակոբյանը:

աղբյուրը՝  armtimes.com

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ