Մածունի ստեղծման պատմությունից մինչև նրա բուժիչ հատկություններ․․․

Մենք` հայերս, ունենք կերակուրներ, որոնք, ստեղծվելով հենց մեր երկրում, դառնում են ցանկացած հայ ընտանիքի սննդակարգի անբաժան մասը: Նման կերակուրներից է մածունը:

Մածունի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը: Մածուն բառի հիմքում ընկած է մած արմատը,որից և կազմվել են մածանել, մածնուլ բայերը` կպչել, թանձրանալ, մակարդվել իմաստներով: Հայաստանում սննդի մեջ կաթնամթերքների, մասնավորապես` մածունի լայն գործածության մասին են վկայում հնագիտական բազմաթիվ գտածոները: Նախնադարում մարդիկ կաթի ավելցուկը թողել են երկար ժամանակ, կաթը վերափոխվել է <<թթու կաթի>>` մածունի: Պատահական այդ հայտնագործությունն էլ աստիճանաբար լայն կիրառություն է ձեռք բերել:

Այսօր էլ մածունի ստացման ` մածուն մերելու եղանակը նույնն է, ինչ հազարամյակներ առաջ: Եռացրած կաթի մեջ քիչ քանակությամբ թթված մածուն խառնելով՝ մակարդում են կաթը: Շնորհիվ մանրէասպան հատկության, 5-6 օրական մածունը հրաշալի դեղամիջոց է աղեստամոքսային հիվանդությունների, թունավորումների, այրվածքների, խոցերի դեմ:

Հայտնի է, որ Կոստանդնուպոլսից հրավիրված բժիշկը մածունով է բուժել Ֆրանսիայի արքա Ֆրանցիսկ Առաջինի վաղահաս ծերությունը: Մեր նախնիներին հայտնի է եղել նաև մածունից խնոցու մեջ հարելով կարագ ստանալը:

Հայաստանում իմացել են նաև մածունի երկարատև պահպանման միջոցները: Ամռանը մածունը տոպրակով քամել են, լցրել կճուճների մեջ և անօդաթափանց դարձնելու նպատակով վրան ճարպ լցրել: Պահպանման եղանակներից մեկն էլ չորթանն է, որից համով թանապուր են եփել:

Մածունը միջոց է աղեստամոքսային հիվանդությունների, թունավորումների, այրվածքների, խոցերի դեմ։

Այն հարուստ է անփոխարինելի ամինաթթուներով, սպիտակուցով, D, B, A վիտամիններով, որոշ հանքանյութերով, մասնավորապես` ֆոսֆորով, մագնեզիումով և կալցիումով: Իսկ կաթնաթթվային միկրոօրգանիզմները հիանալի ազդում են աղիների միկրոֆլորայի վրա, բացում ախորժակը:

Սակայն եթե ստամոքսի հետ կապված խնդիրներ կան, (օրինակ՝ բարձր թթվայնություն), չպետք է չարաշահել մածունի օգտագործումը: Վիտամինների, սպիտակուցների շնորհիվ մածունը խտացնում է նաև մազերը, հաղորդում առողջ և բնական փայլ: Մասնագետների պնդմամբ՝ կալցիումն ավելի դյուրին է յուրացվում երեկոյան, այնպես որ հարկավոր է մածուն խմել քնելուց առաջ:

Այն մարդիկ, ովքեր տառապում են բարձր ճնշում ունենալու պատճառով, գիտնականները խորհուրդ են տալիս ավելի հաճախ մածուն օգտագործել :   Մածունը, ըստ գիտնականների, ճնշման բարձրացման ռիսկերը նվազեցնելու հատկություն ունի: Ավելի հաճախմածուն օգտագործելով դուք կթեթևացնեք ձեր կյանքը և կբարձրացնեք ձեր տրամադրությունը: Կաթնամթերքի եզակի հատկությունը կայանում է նրանում, որ վերջինիս մեջ մտնում են անոթների համար բավականին օգտակար կալցիներ, որոնց շնորհիվ կարգավորվում է անոթների ճնշումը: Այս ամենը հաստատելու համար փորձագետներն անց են կացրել փորձ, որին մասնակցել են շուրջ 2000 կամավորներ: Արդյունքում, այն մասնակիցները, ովքեր մածուն օգտագործել են ավելի հաճախ, նվազեցրել են ճնշման բարձրացման հավանականությունը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ