Իտալիայի նշանավոր եպիսկոպոսն ազգությամբ հայ է

«Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնի հիմնադիր և ղեկավար Կարլո Կոպպոլան AraratNews.am-ի հետ զրույցում նշեց, որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ իտալական Ֆորլի քաղաքի նշանավոր եպիսկոպոս Մերկուրիալը, ով ըստ ավանդույթի վիշապին տարել է՝ շղթայով կապված, ազգությամբ հայ է:

Կարլո Կոպպոլայի խոսքերով մարդաբանական հետազոտությունների վերջնական արդյունքները պատրաստ են եղել դեկտեմբերի 31-ին: Այս տեղեկատվությունը հրապարակել են «Ausl Romagna Cultura» հետազոտական խմբի ներկայացուցիչներ դոկտոր Տիզիանա Ռամբելին և Լուկա Սարագոնին:

Ուսումնասիրությունները ցույց է տվել, որ Սուրբ Մերկուրիալը, ով ապրել է 1-2-րդ դարերում, մահացել է 40-50 տարեկան հասակում: Նա ունեցել է մոտ 1,60 մետր հասակ  և տառապել օստեոպորոզով:

15-րդ դարում Ֆորլի քաղաքում ծնված ժամանակագիր Լեոնե Կոբելին 1498-ին կազմված իր «Կրոնաչե Ֆորլիվի» -ում ասում է, որ Մերկուրիալը եկել է իր հարազատ Հայաստանից. «Օրհնյալ Մերկուրիալը եկել է Հայաստանից և միայն Երուսաղեմ և Հռոմ կատարած ուխտագնացությունից հետո է ժամանել Ֆորլի»:

Դոկտոր Տիզիանա Ռամբելին,մասնավորապես, իր պաշտոնական հայտարարության մեջ ասել է. «Սուրբի մասունքների իզոտոպային հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Սուրբ Մերկուրիալն իր մանկության և չափահասության տարիներին միևնույն վայրում չի ապրել: Հավանաբար, Սուրբ Մերկուրիալն ավելի տաք տարածաշրջանում տեղակայված մի վայրից է՝ համեմատած այն քաղաքի, որտեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին տարիները (խոսքը Ֆորլիի մասին է): Հետագա ուսումնասիրության շնորհիվ նրա հավանական բնակավայրի հետ կապված հնարավոր եղավ բացառել եվրոպական որոշ շրջանները: Հաջորդ եզրահանգմանը եկանք գանգի կազմաձևման ցուցիչների միջոցով: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այժմ ոչ մի լաբորատորային հետազոտություն չի կարող տրամադրել կոնկրետ տարածաշրջանից եպիսկոպոսի ծագման վերաբերյալ միանանշանակ ճշգրիտ տվյալներ, իսկ վերոհիշյալ ցուցիչները ոչ թե էթնիկ, այլ աշխարհագրական տարածաշրջանի ցուցիչներ են։ Այս և մի շարք այլ վերլուծությունների համատեղումը ներկայումս, կարծես, թույլ է տալիս մեզ նայել դեպի արևելք՝ Ասիա, ավելի կոնկրետ՝ դեպի Հայաստան»։

«Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնի հիմնադիր և ղեկավար Կարլո Կոպպոլան հավելեց, որ միջնադարյան Իտալիայի սուրբերից շատերն ազգությամբ հայ են եղել և, որ հայ-իտալական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն: Եվ սա այն լավագույն օրինակներից է, որն ապացուցում է, որ հայկական քաղաքակրթությունն Իտալիայում սկսվել է դեռևս 1-ին դարից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ