Հայկական այբուբենը պատկերված է աշխարհի խոշորագույն որմնանկարի վրա

Ջովանի Բատիստա Տյեպոլոյի հայտնի որմնանկարը, որը համարվում է ամենախոշորն աշխարհում, զարդարում է Գերմանիայի միջնադարյան Վյուրցբուրգ քաղաքի բավարական եպիսկոպոսների պալատի նախասրահը, որն ընդհանուր առմամբ ունի 677 քմ տարածք: Առասպելական արարածներ, հնագույն աստվածներ, պատմական այլ էկզոտիկ կերպարներ. այս ամենի շարքում իր յուրահատուկ տեղն են զբաղեցրել նաև հայկական տառերը: Այս որմնանկարի վրա արված գրեթե բոլոր ֆիգուրների սիմվոլիկ նշանակությունը հասկանալի է:

Առավել հետաքրքրական պետք է որ լինի ծերունին, որն իր մի ձեռքում ջահ, իսկ մյուսում գրիչն է պահում, նստած է տառերի պատկերներով սալիկի վրա, որը դժվար թե հայտնիություն ձեռք բերած լիներ Եվրոպայում: Հայկական այբուբենին ծանոթ յուրաքանչյուր ոք առանց որևէ դժվարության կնկատի հայատառերը:

Ինչպե՞ս են այդ տառերը հայտնվել նման հայտնի որմնանկարի վրա: Ի՞նչ կապ ունի դրանց հետ ծերունին: Եվ վերջապես, ի՞նչ է խորհրդանշում այս կոմպոզիցիան:

Ամենայն հավանականությամբ, այս հարցերին պատասխաններ տալ փորձել են շատերը, սակայն որմնանկարի ստեղծումից միայն երկու հարյուր տարի անց են գերմանացի գիտնականները խոսել դրանում հայկական տառերի գոյության մասին:

Պարզվում է, որ նկարիչը՝ Տյեպոլոն, անմիջական կապ ունի տառերի հետ: Բանն այն է, որ XVIII դարի քառասունական թվականներին նրա ամենասիրելի աշակերտը՝ Ֆրանչեսկո Ջունիոն, որոշ ժամանակ անցկացնելով Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, զբաղվել է հայ եկեղեցու սուրբ հայրերի դիմանկարների պատկերմամբ: Այդ ընթացքում նա ստեղծել է նաև Գրիգոր Լուսավորչի կողմից Տրդատ թագավորին մկրտելու տեսարանը, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի՝ հայկական այբուբենով նկարը:

Ըստ գերմանացի գիտնականների՝ հավանական է նաև այն վարկածը, որ ջահով ու գրչով ծերունին Մեսրոպ Մաշտոցն է՝ հայ գրերի գյուտի հեղինակը: Ինչ վերաբերում է ինքնին տառերին, ապա հարկ է նշել, որ Տյեպոլոյի որմնանկարի վրա դրանք 43-ն են՝ 7-ով ավելի, քան Մաշտոցի տառերն են: Դրանցից մի քանիսն անգամ անավարտ են, նմանվում են նույնահնչյուն լատինական կամ հունական տառերին:

Պատկերելով հայկական գրերն ու դրանց ստեղծողին՝ Տյեպոլոն միգուցե ցանկացել է հանրությանը ներկայացնել աշխարհում առաջին քրիստոնեությունն ընդունած ժողովրդին: Իսկ տառերում ինչ-որ գաղտնի հաղորդագրություն է թաքնված, որը, սակայն, մինչ օրս բացահայտված չէ:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ