Ի՞նչ է պետք հայ կնոջը՝ սեփական բիզնես սկսելու համար

Խոհանո՞ց, թե՞ բիզնես․ այս երկընտրանքն այսօր կարծես հայ կանանց առջեւ այլեւս կոշտ դրված չէ։ Դրանք համատեղելն արդեն սովորական է դիտարկվում հատկապես Երեւանում։

Իսկ ինչպե՞ս է դա հաջողվում մարզաբնակ կանանց, ստացվո՞ւմ է սեփական խոհանոցի տիրուհին լինելուց զատ լինել նաեւ սեփական բիզնեսի տերը։

Որքանո՞վ է մարզաբնակ հայ կնոջ համար բիզնես սկսելը իրատեսական։ Հարցի պատասխանը փնտրում ենք նախ գյումրեցի կանանց հետ զրույցներով․ նրանք այս առումով ավելի ակտիվ են՝ վիճակագրությունն է հուշում։ Անահիտ Առաքելյանը ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման վարչության Շիրակի  բաժնի պետն է։ Ավելի քան մեկ տասնամյակ է՝ գործի բերումով առնչվում է հարկատուների հետ։

«Գյումրին առանձնահատուկ է նաեւ այն պարզ պատճառով, որ այստեղ աշխատուժն առավելապես կանայք են։ Մանրածախ առեւտուրն է առավելապես նրանցը։ Բիզնեսում նրանց դա ավելի հասանելի է»,- նկատում  է Անահիտ Առաքելյանը։

«Կանանց կողմից բիզնես հիմնելու ցուցանիշերն ավելանում-պակասում են։ Եթե մասնագիտորեն դիտարկենք՝ սա կապված է նրա հետ, որ այն բիզնեսմեն-կանայք, որոնք ընդգրկվում են առեւտրի կամ այլ ոլորտներում,  ոչ ճիշտ կազմակերպման կամ, ասենք, իրազեկման խնդիրների պատճառով մասամբ փակվում են։ Բայց բացվում են նորերը։ Այս պրոցեսն է։ Ու կարող եմ ասել, որ այս վերջին տարիներին կանանց ակտիվությունը նույն մակարդակի վրա է։ Ակտիվություն կա»։

Այո, ասում է Ալիսան՝ Գյումրիից, հիմա կանայք ավելի շատ են ռիսկի դիմում, ավելի ակտիվ են։ Բայց կանանց ընտրած բիզնես-ոլորտները նեղ են ու «կանացի»՝ հրուշակեղենի, խմորեղենի, կաթնամթերքի, տիկնիկների արտադրություն, գեղեցկության ու ծաղկի սրահներ, սպասարկում-ծառայություններ՝ հիմնականում կանանց համար, մանրածախ առեւտուր։

Ու ի վերջո՝ վերադառնում ենք հարցին, թե ինչ է պետք կնոջը՝ սեփական բիզնես նախագծերում հաջողելու համար։ Վիճակագրությունն այս առումով թվեր չի փոխանցում։ Բայց այս առումով իր գնահատումներն ունի մյուս զրուցակիցս․ հարկային օրենքների իմացության խնդիրներն են հաճախ խանգարում հայ կանանց։ Եթե տղամարդիկ բիզնեսում ավելի հաստատակամ են, ապա կանայք ավելի ճկուն են ու հեշտ են մանեւրում։ Բավական է, որ ավելի իրազեկ լինեն։

Հայաստանում բիզնես-սկսելու եւ գրանցելու անհրաժեշտ քայլերը, հարկային օրենսդրության կարգավորումներն առավել հասու դարձնելու նպատակով իր «Նոր բիզնես սկսելու համար կանանց ներուժի զարգացման ծրագրի» շրջանակում Ասանեթ Ալոյանը 5 մարզում կանանց հետ անվճար հանդիպում-սեմինարներ է անցկացրել։

ԱՄՆ պետքարտուղարության՝ օրենսդրական ոլորտի մասնագետների PFP ծրագրի շրջանավարտը համեմատել է երկու երկրում կանանց բիզնես սկսելու խնդիրներն ու առանձնահատկությունները։

Հայ կանայք օժանդակության եւ վստահության կարիք ավելի շատ ունեն։ Եւ այս ուղղությամբ առաջին քայլը նրանց ուղղորդելն ու հմտացնելն է, որ հարկային համակարգի հետ «հաշտ» գործեն, որպեսզի ամեն օր փոխվող օրենքների պատճառով բիզնեսը չմնա կրկին որպես տղամարդու գործ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ