Աղոթքը մարմին է և հոգի․․․Քրիստոս թող մեզ նույնպես արժանի դարձնի` միշտ աղոթելու

Պետք է իմանալ, որ աղոթքը մարմին է և հոգի. մարմինն աղոթքի խոսքերն են, որոնք լսելի են լինում, իսկ հոգին իղձն ու սերն են, որոնք ելնում են սրտից և հաճելի լինում Աստծուն: Ինչպես, օրինակ, երևացող մարմինն ունի աներևույթ հոգի, որը մարմինը շարժողն ու կենդանություն տվողն է: Այդպես էլ աղոթքի մարմնի կենդանությունը սրտի բաղձանքն է, իսկ սերը` դեպի Աստված շարժողը ի հաճություն Նրա: Եվ ինչպես երբ հոգին վերանում է, մարմնի տարրերից ոչինչ չի պակասում, այլ մարմնի տեսքը մնում է նույնը և անթերի, այդպես էլ սրտի բաղձանքից ելնող աղոթքը կենդանի է և հաճելի Աստծուն: Այս մասին է ասում «Սուրբերի աղոթքը կենդանի է» խոսքը: Իսկ ով չունի սրտի բաղձանք, այլ միայն աղոթքի խոսքեր, այդպիսին մեռած մարմին է, որի մեջ մնացել է միայն աղոթքի տարրը և ո՛չ հոգին:

Աղոթքը շատ օգտակար է:

Աղոթքը առավել պատվական ընծա է Աստծուն, քան այն ամենը, ինչ մատուցում ենք Նրան:

Աղոթքի գործը կարող է կատարվել ամեն ժամ՝ գիշեր թե ցերեկ, տանը նստելիս թե ճանապարհ գնալիս, առողջության, հիվանդության, մանկության, ծերության ժամանակ, ամռանը թե ձմռանը, մշտապես:

Աղոթելիս պետք է ծնկի իջնել, որովհետև ծնկի իջնելը փոքրացնում է մարդու անձը: Հոգին ու մարմինը միաժամանակ պետք է խոնարհեցնել Աստծո օրենքների լծի տակ և չխոտորվել ո՛չ աջ, ո՛չ ձախ: Հոգևոր խնդրանքներ անելիս պետք է ծնկի իջնենք երկնավոր Թագավորի առջև, որպեսզի ստանանք, ինչ խնդրում ենք: Ընկած տեղից կանգնողը նախ ծնկներին է ելնում և ապա կանգնում, այդպես էլ մենք, որ ընկել ենք` սկզբնական ու ներգործական մեղքով կործանվելով, ծնկաչոք աղոթքով ենք բարձրանում մեղքերով գլորումից` ասելով. «Տե՛ր, բանտից հանի՛ր ինձ»:

Որովհետև նախաստեղծները ոտքով գնացին դեպի ծառը և հանցանք գործեցին, ծնկի իջնելով` կապում ենք դեպի մեղքերը մեր ընթացքը, նաև դեպի բարին ենք ուղղում մեր ընթացքը, ըստ այն խոսքի, թե` «Քո պատվիրանների ճանապարհով գնացի» :

Հարկ է եկեղեցիներում աղոթել, ինչպես Դավիթն է ասում. «Եկեղեցիներում օրհնեցե՛ք Աստծուն»: Ինչպես ասում է. «Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի» , և թե` «Եկեղեցիներում օրհնեցե՛ք Աստծուն» : Քանզի ամեն մի գործ իր տեղում է կատարվում:

Մարդիկ ավելի շատ են աղաղակում [առ Աստված] հրդեհի, ջրհեղեղի, գերեվարության ժամանակ: Այդպես էլ եթե մեր հոգում վառվում է բարկության հուրը, հանգցնենք այն ողորմության ջրով, եթե գեջ ցանկության հեղեղն է բարձրանում, աղաղակենք առ Քրիստոս, ինչպես առաքյալները` ծովում. «Ահա կորչում ենք»։ Եվ եթե սատանան ելնում է` կողոպտելու մեզ, աղոթենք առ Աստված, ինչպես Եզեկիան էր աղոթում Սենեքերիմի ձեռքից ազատվելու համար:

Աղոթքները կանխում են ե՛ւ մահը, որ Աստծո հրամանն է, ինչպես կանխեցին Եզեկիայի մահը , ե՛ւ գազաններին, ինչպես երբ Դանիելը նետվել էր առյուծների գուբը :

Որպեսզի աղոթքը լսելի լինի, պետք է երեք բան. նախ` արտասվել աչքերով, որոնցով ցանկացավ պտուղը, օձի մահաբեր խոսքերը լսած ականջներով լսել Ավետարանի քարոզությունը, մահացու պտուղը կերած բերանով օրհնել Աստծուն և ասել. «Մեղանչել եմ», նաև երկրպագել:

«Մտի՛ր քո սենյակը», պետք է մտնես սրտիդ սենյակը, սիրտդ հեռացնես աշխարհիկ բոլոր հոգսերից, փակես դռներդ, այսինքն` հինգ զգայություններդ, որոնք մեղքերի մուտքն են, քանզի նրանցով են մտնում մեղքերի բազմությունները:

Երբ լեզուն առանց սրտի է խոսում Աստծո հետ, շաղակրատանք է և ո՛չ աղոթք: Երբ լեզուն ու սիրտը համաձայնում են, սակայն խնդրում են չար ու մարմնավոր բաներ, հեթանոսների շատախոսություն է այդ: Քանզի Տերն ասում է. «Շատախոս մի՛ եղեք, ինչպես հեթանոսները», այսինքն` մի՛ խնդրեք մարմնավոր բաներ` թշնամիների կորուստ կամ չար հաջողություն: Բարի աղոթք է, երբ սիրտն ինքը, առանց շրթունքները շարժվելու, աղոթում և աղաղակում է առ Աստված, ընդունելի է, ինչպես աղոթքը Մովսեսի, որ աղոթեց գլուխը ծնկների մեջ դրած, և Աստված նրան ասաց. «Ինչո՞ւ ես կանչում ինձ»: «Պետք է ամեն ժամ աղոթել և չձանձրանալ» : Քանի որ աղոթքը հոգու կենդանության նշանն է, ուստիև պետք է միշտ աղոթել: Եթե աղոթքը դադարում է, նշանակում է հոգին մեռած է: Ամեն ժամ անդադար աղոթել նշանակում է չհուսահատվել , այսինքն` մի խնդրանքի համար բազում անգամ աղոթել, մինչև ստանալը, ինչպես այն այրի կինը բազում անգամ խնդրեց անիրավ դատավորին, նաև նա, որ նկանակ փոխ խնդրեց: Պողոսն ասում է. «Ուրա՛խ եղեք և անդադար աղոթեցեք»:

Ամեն ժամ աղոթելը ամեն ժամ հավիտենական կյանք ցանկանալն է: Հարաժամ աղոթելուց չենք դադարում այն ժամանակ, երբ չենք դադարում բարիք գործելուց: Քանզի ողորմություն անելով աղքատներին և Եկեղեցու կարգավորներին` նրանց աղոթքից մաս ենք ունենում և երբ դադարում ենք աղոթել, նրանք են աղոթում մեզ համար. այսպիսով անդադար աղոթքի մեջ ենք լինում: Ամեն ժամ աղոթելը չծուլանալն է, ըստ Դավթի խոսքի, որ ասում է. «Օրվա մեջ յոթ անգամ քեզ պիտի օրհնեմ» : Ամեն ժամ աղոթել նշանակում է` մանկության, երիտասարդության, ալևորության և ծերության ժամանակ: Քանզի Տերն ասում է. «Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե երբ կգա ձեր Տերը` երեկոյա՞ն, գիշե՞րը, հավախոսի՞ն, թե՞ առավոտյան, որովհետև այն ժամին, երբ չեք սպասում, կգա մարդու Որդին» :

Ամեն ժամ աղոթելը նշանակում է աղոթել, մինչ Տերը նստած է ողորմության աթոռին. ըստ առաքյալի. «Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը»: Ամեն ժամ աղոթել նշանակում է ամբո՛ղջ սրտով աղոթել առ Աստված արքայությա՛ն և ո՛չ մարմնավոր բաների համար: Եվ քանի որ մեր Տեր Աստված ողորմած ու գթառատ է, ուստիև չպետք է երկարեցնել աղոթքները` մտածելով, թե Աստված մեզնից հեռու է, մոտենա, կամ թե` չգիտի մեր սրտերը, անգութ է, գթա: Եթե սուրբ սրտով ու ջերմ սրտով երկար աղոթենք Աստծուն, մեծ վարձ կստանանք, ինչպես որ Ինքը` Քրիստոս, մեզ գործով սովորեցրեց` ամբողջ գիշերն անցկացնելով Աստծուն աղոթելով:

Եթե ոչ գիտուն մեկը սուրբ սրտով ու հավատով աղոթում է կամ լսում քահանայի աղոթքը, այդպիսի աղոթքն անօգուտ չէ: Ինչպես երբ թանկարժեք քար է ընկնում մի գյուղացու ձեռքը, որ չգիտի դրա արժեքը և տալիս է իշխանին, որ դրա արժեքը գիտի. որքան այն արժե իշխանի ձեռքում, նույնքան էլ արժե գյուղացու ձեռքում, թեև նա դրա արժեքը չգիտի: Այդպես էլ սուրբ սրտից բխող աղոթքը իմաստունի բերանում, որ հասկանում է, և գյուղացու բերանում, որ չի հասկանում, ընդունելի է, և նրանք միապես են վարձք ստանում: Եվ Ինքը` Քրիստոս, նրանց սրտում և հոգում կծագեցնի Իր փառքի ճառագայթը, կլուսավորի և կկատարի նրանց խնդրվածքները:

Քրիստոս թող մեզ նույնպես արժանի դարձնի` միշտ աղոթելու և ընդունելու մեր սրտի խնդրվածքները: Նրան փառք հավիտյանս. ամեն:

Նրան փառք հավիտյանս. ԱՄԵՆ:

Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ N 30

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ