Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում դերասան Արտյոմ Կարապետյանի հետ կատարվածի վերաբերյալ

Երևանում հարձակման է ենթարկվել դերասան Արտյոմ Կարապետյանը. փորձել են կտրել նրա կոկորդը կնոջ աչքի առաջ: Այս մասին դերասանը հաղորդում է Ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութով: Նա նշում է, որ իր վրա է հարձակվել գազելի մի վարորդ, մեքենայից դուրս բերել տարբեր գործիքներ, դանակ, որոնցով սպառնացել է իրեն:

«Օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ կարող է մի խլնքոտ, թարախակալած գազելի շոֆեր իր սալոնից դանակ, խանչալ, չափաջաղ հանի ու ուզի՝ իմ վիզը կտրի. ոչ ավելի, ոչ պակաս՝ կնոջս աչքի առաջ»,- վրդովված պատմում էր դերասանը:

Թե ինչ խնդիր է եղել դերասան Արտյոմ Կարապետյանի և գազելի վարորդի միջեւ, տեսանյութից դժվար է ամբողջությամբ հասկանալ: Ամենայն հավանականությամբ (նաեւ դատելով այն բանից, որ նա ցուցադրում է իր սեփական ավտոմեքենան ու անդրադառնում ԱՊՊԱ-ին) ճանապարհային երթեւեկության կանոնների, միմյանց զիջել-չզիջելու հիմքով ծագած մի խնդիր արագ վերածվել է վեճի, որի արդյունքում էլ գազելի վարորդը սպառնալիքներ է հնչեցրել, փորձել բռնություն գործադրել, դանակով վնասել նրան:

Տեսանյութում դերասանը նշում է, որ մոտերքում է եղել ոստիկանական ավտոբուս, սակայն ոստիկանները չեն միջամտել, չեն փորձել հասարակական կարգը պահպանել, ապահովել իր անվտանգությունը: Ըստ այդմ՝ Արտյոմ Կարապետյանը հայտարարում է, որ ինքն է պատրաստվում հոգալ իր անվտանգության մասին՝ այսուհետ իր հետ կրելով մեծ դանակ: Դերասանն այն ցուցադրում է նույն տեսանյութը նկարահանելու ժամանակ: Իր մեծ ու ծանր մեքենան ցուցադրելով էլ հայտարարում է, որ չի վարանի վնասել այլ մեքենաների ու «ԱՊՊԱ-ից փողերը վերցնել»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ Արտյոմ Կարապետյանի հրապարակման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունից չմեկնաբանեցին դերասանի հայտարարությունը, որ տեղում եղել է ծառայություն իրականացնող ավտոբուսը, սակայն միջադեպին միջամտելու, հարձակման ենթարկվածին պաշտպանելու առումով որեւէ քայլ չի արվել. «Երբ նյութերով ուսումնասիրությունը կավարտվի, կկարողանանք ասել»:

Այն հայտարարությունը, որ իր անվտանգությունն անձամբ պաշտպանելու համար դերասանը նախատեսում է մեքենայում մշտապես պահել մեծ եւ սուր դանակ, ըստ ոստիկանության, կարգավորվում է զենքի մասին ՀՀ օրենքով, իսկ «օրենքը չենք մեկնաբանում»:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց, որ նախ պետք է արձանագրել հանցանքի փաստը. «Եթե հանցանքի մասին ահազանգ է եղել, դա արդեն ոստիկանության դաշտում է»: Հակոբ Կարապետյանն ընդգծեց, որ տեսանյութում չի նշվում, թե ինչ գազելի վարորդի մասին է խոսքը. «Դա կարող է լինել միջքաղաքային երթուղի սպասարկող կա՛մ բեռնատար, կա՛մ մասնավոր անձի մեքենա: Հասկանալի է, որ եթե ոստիկանությունը պարզի, որ այդպիսի բան արել է ներքաղաքային երթուղի սպասարկող վարորդ, ապա այդ վարորդի գործունեությունը ոչ միայն կկասեցվի, այլ կընդհատվի»:

Նշենք, որ Արտյոմ Կարապետյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Տեսանյութում նա նշում է, որ Հայաստան է տեղափոխվել մոտ մեկ ամիս առաջ:

Продолжение следует!!!

Posted by Карапетян Артем on Tuesday, November 19, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ