Վարչապետի խոսքը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրինագծի քննարկման ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հանդիպել աշխատակազմի հետ ու ներկայացրել այն խնդիրները, որոնց լուծումն ակնկալում է գերատեսչության գործունեության արդյունքում: Նախարար Արայիկ Հարությունյանը նախ ներկայացրել է այն փոխնախարարներին, որոնք պատասխանատու են առանձին ոլորտների համար և անդրադարձել գերատեսչության գործունեությանը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գոյությունն ունի հայեցակարգային նշանակություն:

«Այս կառուցվածքը դիտարկել ենք հետևյալ տրամաբանության մեջ. մենք մշակույթը, մանավանդ այսօր, ընկալում ենք որպես կրթական երևույթ և կրթությունը համարում ենք մշակութային երևույթ: Մեր պատկերացմամբ, հենց այսպիսի համադրումն է, որ պետք է բերի բովանդակային փոփոխությունների, որովհետև հենց այս հարթության մեջ է, ըստ էության, որոշվում, թե մենք ինչպիսի բովանդակություն ենք ուզում ստեղծել մեր երկրում, հանրային հարաբերությունների ինչպիսի մակարդակ ենք ուզում ձևավորել և հանրային հարաբերությունների ինչպիսի նշաձող ենք սահմանում:

Այս առումով, կարծում եմ, որ նախարարությունը պետք է լուրջ աշխատի Հայաստանի Հանրապետության քաղաքացու մեզ համար ցանկալի կերպարը գծագրելու և այդ կերպարը հանրային լայն քննարկման արդյունքում իրողություն դարձնելու համար»,– նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ այն գաղափարները, որոնք առաջնային արժեք են ստացել նախորդ տարվա իրադարձություններից հետո, պետք է դառնան իրողություն, ինչը կառավարության ծրագրի կարևորագույն դրույթներից է: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ առկա քաղաքական ուղերձները պետք է հանրությանը հասնեն նաև մշակույթի միջոցով: Գործադիրի ղեկավարի կարծիքով՝ նաև պետությունը պետք է կոնկրետ ազդեցություն ունենա այն բովանդակության վրա, որը մշակութային խողովակներով մատուցվում է հանրությանը:

«Սա ամենևին չի նշանակում, թե պետությունը պետք է «կլիշեներ» ստեղծի և մատուցի հանրությանը: Այս ուղերձները ստանում ենք նաև մեդիա դաշտում, տարբեր հարթակներում աշխատող գործընկերներից, որոնք այդ պահանջարկը զգում են, որպեսզի լինի համագործակցություն կառավարության և հանրային շրջանակների միջև, որպեսզի մենք կարողանանք ձևավորել կոնսենսուս, թե հանրային հարաբերությունների ինչ մակարդակ և ձև ենք պատկերացնում և այդ մակարդակը և ձևն ինչպես ենք ներկայացնում հանրությանը: Կարծում եմ, որ մշակույթն ըստ էության պետք է պատասխանի հետևյալ հարցին. մենք ի՞նչպես ենք պատկերացնում Հայաստանի կամայական վերցրած երկու քաղաքացու հարաբերությունները, անկախ նրանից, թե իրենք հարաբերությունների ինչպիսի միջավայրում են գտնվում»,- ասել է վարչապետը:

Մանրամասն ՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ