![]()
Նա 13 տարի է՝ բեմում է, սակայն առաջին անգամ մենահամերգ ունեցավ Երևանում. Միհրան Ծառուկյանի երևանյան մենահամերգը երկար սպասված էր ոչ միայն երկրպագուների, այլև իր համար: Երգիչն այս օրվան երկար էր նախապատրաստվել, իսկ օրվա համար ընտրել էր «Սիրո կինո» խորագիրը:
«Ամեն ինչ սկսվեց «Սիրո կինոյով», դրա համար ընտրեցինք այդ խորագիրը: Համերգն ամբողջովին «Սիրո կինո» է: Ամեն ինչ անելու եմ իմ հանդիսատեսին գոհացնելու համար, շատ պատասխանատու պահ է»,- ասաց երգիչն ու շտապեց բեմ: Համերգից հետո նա խոստովանեց՝ սկզբում հուզմունքը շատ մեծ էր, բայց երկրպագուների շնորհիվ ամեն բան իր տեղն ընկավ:
«Սկզբում շատ հուզված էի, հետո, տեսնելով հանդիսատեսի ջերմությունը, մեծ ուժ ստացա, սկսեցի ավելի ազատ զգալ բեմում: Շնորհակալ եմ բոլորին, որ եկան ու օրս տուն դարձրին»,- ասաց երգիչը:
![]()
Երեկոյի ընթացքում երգիչը մի քանի խոստովանություն արեց, ամենահուզիչ պահերից մեկը մայրիկին նվիրված երգի կատարումն էր: Միհրանը հուզեց նաև իր մայրիկին:
![]()
«Կային պահեր, երբ ես ինքս ինձ չէի հավատում, բայց մայրիկս միշտ հավատում էր ինձ: Նրա ամենասիրելի երգն այսօր չեմ երգելու, սակայն կկատարեմ իրեն նվիրված երգս»,- ասաց երգիչը ու շնորհակալություն հայտնեց մայրիկին: Վերջինս հուզմունքն աչքերում հետևում էր որդու կատարմանը:
![]()
Երգը կատարելուց հետո Միհրանը ծնկի եկավ մայրիկի առաջ: «Չեք պատկերացնի ինչպես եմ պատրաստվել այս օրվան: Իմ սիրելի կինոյի կադրերը հերթով աչքիս առաջ են գալիս: Եղել են շատ դժվար պահեր, բայց կային մարդիկ, որոնք ինձ թևեր էին տալիս:
![]()
Վստահ ասում եմ, որ հենց դուք եք իմ սիրո կինոյի ամենակարևոր կադրերը: Շնորհակալ եմ»,- ասաց երգիչը՝ դիմելով երկրպագուներին:
![]()
![]()
![]()
![]()
![]()